Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանի նախագահի անձնական էջում սկանդալային վերահրապարակումը

Հայաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման, մեկնաբանել է Վրաստանի նախագահի անձնական էջում սկանդալային վերահրապարակումը։

Զուրաբիշվիլին օրերս սոցցանցերի իր անձնական էջում վերահրապարակել էր վրացական զբոսաշրջային օպերատորներից մեկի գրառումը, որում Հայաստանի հյուսիսում գտնվող հայկական Լոռին ու Տաշիրը ներկայացված էին որպես «պատմական Վրաստան»։

«Զբոսաշրջային գործակալության համապատասխան գրառումը հեռացվել է»,- նման պատասխանով են սահմանափակվել նախարարությունում։

Ավելի վաղ վերահրապարակումը քննադատել էր Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն։ Նրա խոսքով՝ երկրների միջև ընդօրինակելի համագործակցության և հայ ու վրացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա ստվեր նետելու ցանկացած փորձ անընդունելի է։

Նշենք, որ սա վերջին շրջանում Զուրաբիշվիլիի առաջին սկանդալային քայլը չէր կապված հայկական թեմատիկայի հետ: Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Զուրաբիշվիլին մեղադրեց գործող կառավարությանն ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ և հայտարարեց, որ գործի է դրվել, այսպես կոչված, «հայկական կարուսելը»: Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ մեղադրանքներն անվանեց կեղծ և երկրի ընտրական համակարգը վարկաբեկելու նպատակ հետապնդող։

Տեսանյութեր

Լրահոս