Գուրգեն Արսենյանը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ հանդիպմանը

Նոյեմբերի 7-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պահպանմանն ուղղված ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ միջոցառումներին, ինչպես նաև ավանդական հոգևոր և բարոյական արժեքների պահպանմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տեղեկատվական անվտանգությանն առնչվող խնդիրներին։

Իր ելույթում դեսպան Արսենյանը նշել է, որ հաջորդ տարի երկրները տոնելու են մարդկության պատմության ամենադժվար պատերազմում հաղթանակի 80-ամյակը, որը իրագործվել է մեծապես ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների միասնության, աննկուն տոկունության և հերոսական անձնազոհության շնորհիվ։

«Մենք հպարտ ենք, որ, անցնելով բոլոր փորձությունների միջով, մեր պետությունների ժողովուրդներն անգնահատելի ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ վերջնական հաղթանակի հասնելու գործում։ Մեր պապերն ու տատերը կոտրել են ֆաշիզմի մեջքը իրենց սերնդի կյանքի ու երջանկության գնով, և մենք հավերժ երախտապարտ ենք նրանց այն ամենի համար, ինչ նրանք տվել են իրենց Հայրենիքին»։

Անդրադառնալով տեղեկատվական անվտանգությանն առնչվող խնդիրներին՝ դեսպան Արսենյանը նշել է․

«Այսօր տեղեկատվական և հիբրիդային ազդեցությունները ունեն են մեծ ծավալ, և այս համատեքստում ափսոսանքով պետք է նշեմ, որ Հայաստանի Հանրապետության դեմ հաճախ իրականացվում են գործողություններ, որոնք ըստ էության, կարելի է որակել՝ որպես տեղեկատվական պատերազմ։ Այդ գործողությունները ներառում են ինչպես օտարերկրյա պետությունների կողմից վերահսկվող կամ դրանց հետ փոխկապակցված կառույցների և լրատվամիջոցների կողմից կեղծ լուրերի և Հայաստանի մասին կանխամտածված կեղծ տեղեկատվության տարածումը, այնպես էլ երկրի մասին բացասական իմիջ պարտադրելու, անվստահության և անորոշության մթնոլորտ ստեղծելու փորձերը»:

Ամփոփելով իր ելույթը՝ դեսպան Արսենյանն անդրադարձ կատարեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության շուտափույթ հաստատմանը և տարածաշրջանը կայուն ու կանխատեսելի զարգացման ուղով տանելու գործընթացին՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը։ Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլ նաև հասանելի»,-նշել է ՀՀ դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս