
Կիևը շփում չունի Թբիլիսիի հետ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է՝ Կիևը շփում չունի վրացական իշխանությունների հետ, ինչը, նրա խոսքով, շատ վատ է։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է վրաստանյան «Մթավարի արխի»-ի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Զելենսկին Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովին, որին ներկա է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Զելենսկին ասել է՝ ինքը չի շփվել Կոբախիձեի հետ։
«Վրաստանի ու Ուկրաինայի հարաբերությունների մասին խոսելու համար ավելի քան 5 րոպե է պահանջվում։ Ես հավատում եմ, որ մենք շատ ամուր հարաբերություններ կունենանք․ ունեցել ենք, կունենանք ապագայում ևս։ Ես համոզված եմ դրանում։ Ուկրաինացի ժողովուրդը երախտապարտ է վրաց ժողովրդին, որը մեծ աջակցություն է ցուցաբերել այս պատերազմի սկզբից ի վեր, և մենք միշտ հարգել և աջակցել ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է նաև Վրաստանում կայացած ընտրությունները՝ նշելով, որ վրաց ժողովուրդը պետք է ընտրի իշխանությունը, իսկ Ռուսաստանը չպետք է ազդեցություն ունենա։
«Ես հարգում եմ վրաց -ժողովրդին, ես ձեզ շատ եմ սիրում։ Գիտեմ, որ դուք երկար դադար ունեք դեպի ԵՄ ճանապարհին, բայց վստահ եմ, որ այնտեղ կհասնեք․ դուք կհաղթեք»,- շեշտել է Զելենսկին։