Բաժիններ՝

Փակվե՞լ է «Թույլ օղակ» հաղորդաշարն ու հեռացվե՞լ է աշխատանքից Բաբկեն Չոբանյանը. պարզաբանում են Հանրային հեռուստաընկերությունն ու դերասանը

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից հերքում են, որ «Թույլ օղակ» հաղորդաշարը փակվել է:

Ըստ տարածված լուրերի` հաղորդաշարը փակվել է, դերասան Բաբկեն Չոբանյանն էլ, ով վարում էր հեռուստանախագիծը, աշխատանքից հեռացվել է այն բանից հետո, երբ սոցիալական ցանցի իր էջում քննադատել է Նիկոլ Փաշինյանին:

Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Հանրային հեռուստաընկերություն` խնդրելով պարզաբանում տալ` փակվե՞լ է արդյոք «Թույլ օղակ» հաղորդաշարը, ինո՞ւ է աշխատանքից հեռացվել Բաբկեն Չոբանյանը, ի՞նչ հիմնավորումներ են ներկայացվել։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան` հեռուստաընկերությունից հայտնել են, որ ամիսներ առաջ եթերաշրջանի պլանավորման ընթացքում որոշվել է «Թույլ օղակ» հաղորդաշարը տեղափոխել գարնանային եթերաշրջան. հեռուստանախագիծը կցուցադրվի 2025 թվականին:

Հարցման պատասխանում, սակայն, հերքում կամ հաստատում չկա` ի վերջո, ազատվե՞լ է աշխատանքից Չոբանյանը կամ արդյո՞ք 2025 թվականին հենց նա է վարելու հաղորդաշարը:

«Հաշվի առնելով մեր սահմանված ընթացակարգերը և եթերաշրջանի նախապատրաստական աշխատանքների առանձնահատկությունները` նախքան եթերաշրջանի մեկնարկը այլ մանրամասներ տրամադրել չենք կարող»,- ասվում է Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյանի պատասխանում:

Aysor.am-ը կապ հաստատեց նաև Բաբկեն Չոբանյանի հետ: Հետաքրքրվեցինք` արդյոք աշխատանքից ազատվե՞լ է, թե՞ ոչ:

«Ո՛չ, ո՛չ, հաղորդումը եթերում կլինի մարտ ամսին»,- նշեց Չոբանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս