ՃՏՊ՝ Արագածոտնում․ վրաերթի ենթարկվածը մահացել է
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քրեական ոստիկանության վարչությունում, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ-Արմավիր ավտոճանապարհի՝ Սասունիկ գյուղի վարչական տարածքում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։
Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել և ահազանգով դեպքի վայր ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։Այս պահին պարեկներն ու համայնքային ոստիկանները սահմանազատել են տարածքը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։ Ոստիկանությունը և պարեկային ծառայությունը նաև օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ հնարավոր է կրկնակի վրաերթ տեղի ունեցած լինի, երբ «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, մեկ այլ ավտոմեքենա նույնպես վրաերթի է ենթարկել, բայց դեպքի վայրից հեռացել է։
Քննիչի հանձնարարականով «Opel Zafira»-ն տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։