ԼՂ-ից տեղահանված այն անձինք, ովքեր չեն կարողանալու առաջարկվող ծրագրերով բնակարան ձեռք բերել կամ կառուցել, հնարավորություն կունենան սոցիալական բնակարաններում ապրել․ նախարար

Սոցիալական բնակարանների ֆոնդը հարստացնելու նպատակով արդեն իսկ քարտեզագրվել ու որոշվել են հնարավոր այն շինությունները, որոնք առաջիկայում կվերանորոգվեն ու համապատասխանաբար կվերափոխվեն։

Այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ։

«Առաջիկայում մենք կփորձենք որոշված այս շենքերը վերափոխել սոցիալական բնակարանների և հարստացնել մեր սոցիալական բնակարանների ֆոնդը, որովհետև, այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի շարք հայրենակիցներ ունենք, որոնք մեր տրամադրած աջակցության ծրագրերով կամ տարբեր պատճառներով չեն կարողանալու բնակարան ձեռք բերել, կառուցել, բայց հնարավորություն կունենան սոցիալական բնակարաններում ապրել»,-ասաց նախարարը՝ ընդգծելով, որ սոցիալական բնակարանները չեն դիտարկվելու միայն որպես կացարան, այլ կստեղծվեն նաև որոշակի կրթական, վերապատրաստման հմտությունների զարգացման հնարավորություններ։

«Կփորձենք օգնել, որ այնտեղ իրենց համար դառնա որոշակի կենտրոն, որտեղ կարող են ոչ միայն ապրել, այլ նաև զարգացման որոշակի հնարավորություն ունենալ»,-հավելել է նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս