«Նիկոլն ու իր «թայֆան» փորձում են Գյումրիում իշխանություն զավթել». Գագիկ Համբարյան
Գյումրի քաղաքում սպասվում են ՏԻՄ արտահերթ ընտրություններ, քանի որ քաղաքապետի պաշտոնակատարը, ավագանու 14 անդամները հրաժարականի դիմում են ներկայացրել։
Այս պահին, որպես ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի թեկնածու, շրջանառվում է իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի անունը։
Ավագանու մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որ Գյումրիում ընդդիմություն է, արդեն հայտարարել է, որ պատրաստվում է արտահերթ ընտրությունների ու նույնիսկ համայնքապետի թեկնածու ունի։ Միևնույն ժամանակ հերքում են պնդումները, թե ճնշումներով են հեռացնում «Բալասանյան» դաշինքին, որպեսզի Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում ևս իշխանություն հաստատեն։
Օրեր առաջ ԶԼՄ-ները հայտնել էին, որ երկուշաբթի «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները, քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ, վայր կդնեն մանդատները։ Գյումրիի իշխող ուժն այս որոշումն ընդունել է դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու և ևս երեք մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումից հետո։ Վերջիններս անցնում են Գյումրիի Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով։
ԱՄՆ-ում գտնվող Բալասանյանին ձերբակալելու որոշում կա։ Իսկ նրա որդին ձերբակալվել, ապա 70 միլիոն դրամ գրավի դիմաց տնային կալանքի տակ է։
Քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանի բնորոշմամբ՝ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «ամենաբեսպրեդել» մեթոդներով, դա ներկայացնելով իբրև թե օրենքի սահմաններում, փորձում է զավթել իշխանությունը և ոչ միայն՝ Գյումրիում, այլև այն բնակավայրերում, որտեղ ինքը քիչ թե շատ ներկայացվածություն ունի։
«Ցավոք, պետք է արձանագրեմ, որ կան ուժեր, այդ թվում՝ նաև «Բալասանյան» դաշինքը, որոնք ժամանակին համագործակցել են Նիկոլի հետ, օգնել են նրան զավթել իշխանությունն Ախուրյանի տարածաշրջանում։ Գյումրիում տարածվող շատ հավաստի լուրերի համաձայն, «Բալասանյան» դաշինքը նաև ֆինանսապես է օգնել ՔՊ-ին՝ նրանց իշխանության գալուն Անիում։
Ինքս միշտ ասել եմ, որ Նիկոլը երբեք շնորհակալություն չի հայտնում որևէ մեկին, նա «քցող» է։ Երբ Բալասանյանները մտածում էին, թե գործ ունեն բարոյական մարդու կամ բարոյական թիմի հետ՝ չարաչար սխալվում էին, այսպես պետք է լիներ՝ Նիկոլին օգնողը, պետք է վաղը Նիկոլի թրով էլ գնա։ Գյումրիում հիմա մենք սրա ականատեսն ենք լինում»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Գագիկ Համբարյանը։
Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանն ամեն գնով փորձում է մինչև խորհրդարանական ընտրությունները զավթել իշխանությունը Գյումրիում։
«Այստեղ շատ զարմանալի է, որ Բալասանյանների, նաև նրանց ընտանիքի ու ներկայացուցիչների «ծանր հանցագործությունները» հանկարծ հիմա սկսեցին բացահայտել, քանի որ ծիծաղելի է ասել, թե ինչ-որ հողատարածքներ կան, որոնք մշակութային նշանակության են։
Գյումրիում ապրող մարդիկ շատ լավ գիտեն «Սև Բերդի», հարակից շրջանի «մշակութային արժեք» ունեցող աղբավայրերը, որոնք Բալասանյանները սեփականաշնորհել են, չի բացառվում, որ օրենքը շրջանցելով են արել, բայց պետք է փաստն արձանագրենք, որ դրանք որևէ կերպ իրենցից մշակութային արժեք չեն ներկայացրել։ Հիմա ՔՊ-ն ամեն ինչ անում է, որպեսզի Բալասանյանների ձեռքից խլի «Սև բերդը», որը մինչև Բալասանյանների կողմից առնելը, իրենից ներկայացնում էր մեծ աղբավայր։
Վստահաբար, եթե Գինեսի գրքի մեջ գրանցեին, ապա այն կլիներ աշխարհի ամենամեծ արտաքնոցը։ Հիմա այդ բերդն իր տեսքով ամբողջովին պարտավոր է Բալասանյան ընտանիքին։ Ինքս միշտ Բալասանյաններին քննադատել եմ, բայց ինչը ճիշտ է՝ ճիշտ է։ Բալասանյաններն այդ բերդից երևի 1 լումա շահույթ չեն ստացել, բոլոր համապետական միջոցառումներն այնտեղ են իրականացվել և Բալասանյանների գրպանից են հովանավորվել։ Այնպես որ՝ հիմա Նիկոլն ու իր «թայֆան» փորձում են Գյումրիում իշխանություն զավթել, բայց այնպիսի կերպարի են ընտրել իրենց քաղաքապետի թեկնածու, որը շատ հակասական է»,- հավելեց Գագիկ Համբարյանը։
Նա նաև ասաց, որ ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը և իր շրջապատը սկսել են ֆեյսբուքյան գովազդային արշավ։ Բայց ՔՊ-ականները նույնիսկ իրենց ամենապոպուլյարության ժամանակ չկարողացան Գյումրիում իշխանություն վերցնել, պարտվեցին «Բալասանյան» դաշինքին և գրավեցին երկրորդ տեղը։ Հետևաբար՝ այստեղ խնդիրն այն է, թե ՔՊ-ն ի՞նչ քաղաքական ուժերի թույլ կտա մասնակցել ընտրություններին։ Արդյո՞ք «Բալասանյան» դաշինքը կմասնակցի ընտրություններին, ի՞նչ կլինի նրանց ընտրազանգվածի հետ, գործընթացը նոր-նոր է «եփվում», ուստի վաղ է ասել՝ գյումրեցինեը կկանգնե՞ն ՔՊ-ի կողքին, թե՞ ոչ։ Դատողություններ կարելի է անել այն ժամանակ, երբ այս «փազլը» որոշ չափով կդասավորվի։
«Նորմալ աշխատող «Բալասանյան» դաշինքի անդամները չէին կարող հենց այդպես հրաժարական ներկայացնել։ Ինձ հետաքրքիր է՝ ծանր հիվանդ Սամվել Բալասանյանի նկատմամբ ինչպե՞ս կարելի է հետախուզում հայտարարել և կալանքի որոշում ընդունել։ Այդ մարդը ծանր հիվանդ է, գտնվում է Միացյալ Նահանգներում, սա եթե ճնշում չէ, ապա ի՞նչ է։ Կամ՝ նախկին քաղաքապետին ձերբակալել ու տարել ցուցմունք են կորզել, բավականին տարիքով մարդ է, կամ մյուսներին։ Այսինքն՝ գործող իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի ուժայինների մրջոցով ուղղակի պարալիզացնեն քաղաքի կառավարումը, որը նրանց հաջողվեց»,- ընդգծեց Գագիկ Համբարյանը։
Նա նաև շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանի նախավերջին այցը Գյումրի ուղղակիորեն արագացրեց այս ամբողջ գործընթացը։