Գրի՛գ, հիշի՛ր, իրական Հայ ժողովուրդը ուզում է վրեժով և հաղթանակով պարտադրված խաղաղություն. Արա Զարգարյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Աջակցություն ստեղծագործողներին և հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2023 թվականին լույս տեսավ Գրիգի (Գրիգոր Շաշիկյան) «Friedensdorf» (նշանակում է «Խաղաղության գյուղ») վեպը: Վեպը լայն արձագանք ստացավ, այն բարձր գնահատեցին ժամանակակից գրողները, գրականագետները, ընթերցողները: Այս տարի վեպն արժանացավ նաև «Ստեփան Ալաջաջյան» հիմնադրամի և «Գրական կայարան» ՀԿ-ի կողմից սահմանված «Ստեփան Ալաջաջյան» մրցանակին: Գրքի մասին կարողացանք հանդիպել երկու գրախոսականների (Տե՛ս՝ Գրիգ (արձակագիր) – Վիքիպեդիա (wikipedia.org) գրախոսականների բաժնում), որտեղ վեպը բարձր գնահատականի է արժանանում: Անոտացիայի բաժնում գրված է, որ գիրքը ինքնակենսագրական, վավերագրական և քաղաքական վեպ է պատերազմի և խաղաղության փնտրտուքի մասին (Տե՛ս՝ Գրիգ, Friedensdorf, «Անտարես», Եր., 2023, էջ 2): Գրքի վերջում նշված է վեպի գրության թվականը՝ 2016-2023 թթ.:

«Friedensdorf» վեպն ունի հետաքրքիր ժանրային առանձնահատկություն: Առանձնահատուկ է վեպի ոճը, լեզուն, տեքստակերտման տեխնիկան: Վեպի գլխավոր կերպարը (հեղինակ-դիտորդ) պատմողն է, իսկ վեպը հեղինակի հիշողությունն է: Տեքստը կառուցված է հիշողությամբ, և հիշողությունը սահում է ժամանակների միջով՝ անցյալ, ներկա, խոհ, մեկ այլ հիշողության ներթափանցում, ապագա, լսած տեղեկության վերարտադրում, անցում դեպի մեկ այլ պատմություն, ժամանակների մշտական փոփոխություն և այլն:

Վեպի ամբողջ ընթացքում զգում ենք հիշողությունը: Վեպն իր կառույցում կրում է միջտեքստայնության գաղափարական հենքը: Դա հետմոդեռնիստական արվեստի տեքստակերտման գլխավոր սկզբունքներից մեկն է: Վեպում տեքստը դառնում է յուրահատուկ կառույց, որն իր մեջ պարունակում է մի շարք այլ տեքստեր, խորհրդանիշներ, պատկերներ:

Տեքստակերտման այս միջոցը կիրառելով՝ հեղինակը հավատարիմ է մնացել նաև գաղափարին, դրանով պայմանավորված՝ վեպում շատ ենք հանդիպում զանազան մեջբերությունների, որոնք հիմնարար նշանակություն ունեն թե՛ վեպի, թե՛ միջտեքստայնության համար: Վեպում առկա են կեղծակերպային ակնարկներ, երբ նախահիմք հանդիսացող տեքստը հեղինակն այնպես է համադրում, միախառնում տեքստին, որ տարբերակել հնարավոր է միայն նախահիմք տեքստը մանրամասն ընթերցելուց հետո: Այս կետում մի փոքր բարդություն կարող է առաջանալ ընթերցողների համար, որոնք վեպն ընկալելու, մի տեքստից մյուս տեքստ անցումը հասկանալու համար գուցե մի շարք հատվածներ վերընթերցեն մի քանի անգամ: Վեպում պահպանվել է նաև միջտեքստայնության շարժումը՝ տեքստից տեքստ անցման նրբությունն ու վարպետությունը: Վեպն ընթերցելով՝ նկատում ենք նաև, որ հեղինակն ունի բավարար գրականագիտական, տեսական գիտելիքներ. հատկապես լավ է տիրապետում նարատալոգիային, քանի որ հեղինակն իր պատմողական երկի կառուցվածքին մեծ ուշադրություն է դարձրել:

Վեպի լեզուն, պարզ է, գրված է գրագետ և կարող է վառ օրինակ ծառայել մի շարք ժամանակակից գրողների համար, թե ինչպես կարելի է գրագետ, կիրթ, մաքուր և ոչ փողոցային լեզվով վեպ գրել, որի լեզուն կլինի կենդանի, ժամանակակից: Վեպում ներկայացվում է հեղինակի՝ Գերմանիայում անցկացրած ինքնակենսագրական շրջանը, 2016 թվականից մինչև 2023 թվականների Հայաստանը, ինչպես նաև Խորհրդային շրջանը և մի շարք այլ ժամանակաշրջաններ ևս: Վեպը վերլուծելը բարդ է, բայց ոչ անհնարին, քանի որ այն կառուցված է միջտեքստայնությամբ, սակայն վեպում կան ուղերձներ, գաղափարական կետեր, որոնք ակնհայտ են դառնում խորը ընթերցանության դեպքում:

Վեպը պայմանական բաժանվում է երկու մասի. վեպի 1-7-րդ գլուխները ներկայացնում են 2016 թվականի Քառօրյա պատերազմի շրջանը, իսկ 7-րդից մինչև «Ավարտ» գլուխը՝ 2018 թվականի քաղաքական իրադարձությունները, 2020 թվականի պատերազմն ու 2023 թվականի Արցախի օկուպացիան: Վեպի պայմանական առաջին և երկրորդ մասերում պատերազմը ներկայացվում է ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրություններով: (Տե՛ս նույն տեղում՝ էջ 17, 22, 26, 31, 33, 34, 48, 60, 62, 66, 71 74, 76, 80, 81, 87, 93, 96, 109, 115, 118, 119, 120, 124, 184 և այլն): Իր հարցազրույցներից մեկում պատերազմը պետական պաշտոնական հաղորդագրություններով ներկայացնելու մասին հեղինակը մասնավորապես նշում է. «Իմ միակ աղբյուրն էր, ես էդպես էի իմանում պատերազմի մասին: Այսինքն՝ իմ պատմողը մեկն է, որի հեռուստացույցը միացված է, մղձավանջ է տեսնում, այն, ինչ եղել է ինձ հետ… Ես ուզում էի պահել, ես ուզում էի պահել հենց այն, ինչ ես եմ լսել, իրենց լրագրությունը ինչպես է փոխվում, այդ հաղորդումները հաճախ, այդ հուսադրող, հիմա մենք ահագին բան գիտենք, ու ինչպես էր էդ ամեն ինչը գալիս, ընդհանարպես էստեղ ոչ ծաղր կա, ոչ հեգնանք կա..»: (Տե՛ս՝ #Friedensdorf #Բարձր_գրականություն – Arqmenik Nikoghosyan | Facebook):

Եթե վեպի նպատակներից էր ներկայացնել, թե ինչ պատերազմ էր Հայաստանում և Արցախում, ինչպես է հայ մարդն իմացել պատերազմի մասին, ապա պետք է հաշվի առնել, որ դա ներկայացնողը պատերազմ չի գնացել և պատերազմի մասին իմանում է միայն պետական, պաշտոնական հաղորդագրություններից: Այստեղ հարկ է նշել, որ պատերազմի մասին տրված պետական պաշտոնական հաղորդագրությունների միֆը ոչնչացավ հենց 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Վեպը տպագրվել է պատերազմի ավարտից մոտ 3 տարի անց: Այս կետում հեղինակը կարող էր վերանայել վեպը, քանի որ պատերազմը ներկայացնել պետական, պաշտոնական հաղորդագրությամբ նշանակում է հավատալ, ներկայացնել, ընդունել պետական, պաշտոնական հաղորդագրությունները որպես ճշմարտություն մեզ հետ տեղի ունեցած պատերազմի մասին: Եվ սա այն դեպքում, երբ վեպը ներկայացվում է նաև որպես քաղաքական-քննադատական վեպ: Այս կետում տեսնում ենք, որ վեպը չի ընդդիմանում պետության վարած քաղաքականությանը: Այնինչ կարելի էր վեպը կառուցել պետական, պաշտոնական հաղորդագրություններով և ծաղրել այն, մերկացնել սուտն ու այդպես հակադրել սուտը ճշմարտությանը, սակայն անգամ այդ ծաղրը վեպում բացակայում է, ինչի մասին իր հարցազրույցում շեշտում է ինքը՝ հեղինակը:

Վեպի՝ 2016 թվականի Քառօրյա պատերազմի մասին պետական, պաշտոնական հաղորդագրությունները հասկանալի են, քանի որ այս կետում չկար այն պատկերը, ինչ 2020 թվականի պատերազմի դեպքում էր: Դա անձնական, մարդկային համոզմունքից զատ փաստում են նաև քարտեզները, ստորագրված փաստաթղթերն ու մարդկային, տարածքային կորուստները: Վեպում տեսնում ենք թշնամու՝ ադրբեջանցիների մահը ներկայացնող տեսարաններ, որոնցում կա զղջում՝ թշնամու մահվան համար (հայերին և ադրբեջանցիներին նույն դիտանկյունով տեսնելը, խաղաղության, համակեցության մասին հատվածները վեպում ներկայացվում է պապ-հայր գաղափարական երկխոսության մոդելով). «…ադրբեջանցիների դիակներ են, ասում է, նրանք էլ են մարդ, միամի՛տ երեխա, նրանք էլ երազներ ունեն, միամի՛տ, պի՛ղծ երեխա…»: (Գրիգ, «Friedensdorf», էջ 77): Այս գիծը վեպում շարունակվում է մի քանի անգամ:

Մասնավորապես վեպում, երբ կարդում ենք քառօրյա պատերազմում դաժանաբար սպանված Քյարամ Սլոյանի հետ կատարած թշնամու վայրագությունների դրվագը, դրան անմիջապես հաջորդում է հատված, որտեղ թշնամու վայրագությունների կողքին փորձ է կատարվում հավասար ներկայացնել նաև հային՝ որպես վայրագություններ կատարած մարդկանց ևս: Ընթերցողի առաջ հայն ու ադրբեջանցին դրվում են նույն հարթության վրա: Հատվածները կներկայացնենք կոնտեքստից կտրված, քանի որ միջտեքստայնության մոդելով կառուցված տեքստում շատ հատվածներ հենց կտրված են կոնտեքստից. «…ժամանակին մերոնք ևս պակաս վայրագություններ չեն արել, հակադարձում է հայրդ…»: (Նույն տեղում՝ էջ 88):

Վեպում հայերին վայրագ ադրբեջանցիների հետ համեմատության մեկ այլ հատված ևս տեսնում ենք, երբ ներկայացվում են ադրբեջանցիների վայրագությունները և դրանից անմիջապես հետո հայերը ևս ներկայացվում են նույն բնութագրով. «…ադրբեջանցի զինվորները բռնաբարում են, մաս-մաս անում քո կանանց, երեխաներին, նրանք յուրացնում են, խեղում քո մշակույթը, պատմությունը, ադրբեջանցի զինվորները ծաղրում են, նվաստացնում քո տեսակը, քեզ, նայում է, մեր զինվորներն էլ են շատ վայրագություններ արել, հակադարձում է, քսանվեց տարի ուրիշի հողում հենակետեր սարքելը, տներ կառուցելը, հանքեր շահագործելը ծաղր, նվաստացում չի՞, հայ զինվորներն էլ ժամանակին պակաս վայրագություններ չեն արել…»: (Նույն տեղում՝ էջ 159-160):

Հարկ է նշել, որ այս հատվածում տեքստը զուգահեռված է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի գրառմանը, որը նա կատարել էր 2020 թվականի դեկտեմբերի 20-ին. «Մտել են այլ պետության տարածք, 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են՝ հայտարարության մեջ դրա մասին բան չկա գրած չէ: Էս է՞ ձեր մակարդակը…»: Վեպում այս գաղափարական հատվածը զարգանում է, և ինչ-որ պահի հայը զուգահեռվում է նաև էթնիկ զտում անող ադրբեջանցու հետ, և ներկայացվում է հատված, որում նշվում է հայերի՝ այսպես կոչված էթնիկ զտման քաղաքականության պատմական օրինակ. «1920 թվականին Զանգեզուրի Շուռնուխ գյուղում ապրում էին բացառապես կովկասյան թաթարներ, հայրդ ասում է, Դրոյի ջոկատների կողմից գյուղը ենթարկվեց էթնիկական զտման, ասում է, այնտեղ սկսեցին բնակվել հայեր, սակայն հետագա տասնամյակներին բազմաթիվ ադրբեջանցիներ վերադարձան Շուռնուխ. ասում է, 1979 թվականին Շուռնուխում բնակվում էին 560 ադրբեջանցիներ…»: (Նույն տեղում՝ էջ՝ 170): Նկատում ենք, որ զուգահեռաբար խոսվում է նաև բնակություն հաստատած թուրք-թաթարական զանգվածի մասին:

«Friedensdorf» վեպում շատ ենք հանդիպում թշնամի ադրբեջանցիների հետ խաղաղության հասնելու, ադրբեջանցիների հետ համակեցության մասին հատվածներ: Վեպում հստակ կա խաղաղության քարոզը, և այն ներկայացվում է ժողովրդի անունից կամ ցանկությամբ. «…հիշի՛ր, ժողովուրդը ոչ թե հաղթած, այլ խաղաղ երկիր է ուզում…»: (Նույն տեղում՝ էջ 81): Այս կետում հաղթանակը ստորադասվում է, իսկ խաղաղությունը, որն ըստ տրամաբանության կարող է գալ պարտությամբ՝ գերադասվում է: Խաղաղության ու թշնամի ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության հաջորդ քարոզի դրվագում ներկայացվում են թեզեր, որոնք վերջին տարիներին շատ են շրջանառվում: Խոսքը Խորհրդային տարիներին ադրբեջանցիների հետ «խաղաղ համակեցության» մասին է: Խորհրդային շրջանում հայ-ադրբեջանական խաղաղ համակեցություն չի եղել: Դա են վկայում այս գիտական, փաստավավերագրական աշխատությունները, ինչպես նաև ժամանակի մամուլը, որոնց կարող են ծանոթանալ բոլորը: (Տե՛ս Սամվել Շահմուրադյան, «Սումգայիթի ողբերգությունը ականատեսի վկայությամբ», Երևան, 1989, «Չմոռանաք ոչինչ», Երևան, 2005, Սիմոնյան Ռուբեն, «Կիրանց», Երևան, 2008, և այլն): Այս կետում տեսնում ենք, որ վեպում տարվում է այդ գաղափարի քարոզը ևս. «…պապդ չի պատմի, որ մտերիմ ընկերն ադրբեջանցի է եղել, անունն էլ՝ Էլմուրազ Իսմայիլով, ասում է, մեր դեղին Մոսկվիչը հիշո՞ւմ ես, նույն Մոսկվիչով պապդ ու տատդ վթարի են ենթարկվել Լենքորանում, ուր զինվորական ծառայության էի, և ուր եկել էին ինձ տեսնելու, Էլմուրազն օգնել, պատիվ, գիշերելու տեղ է տվել իր տանը…»: (Նույն տեղում՝ էջ՝ 88): Այս հատվածից անմիջապես հետո ներկայացվում է արդեն իսկ հայի կողմից թշնամի ադրբեջանցուն պատասխան օգնություն ցուցաբերելը, երկկողմանի լավ հարաբերությունները, և պապ-հայր երկխոսության մոդելով արձանագրվում, որ վեպի պատմող-կերպարի հայրը վախենում է ուժից. «…լավ գիտեր ուժն ինչ է, չէր խորշում ուժից, զայրանում է, ես էլ միշտ իմացել և չեմ խորշել, դրա համար ընկերացանք, զայրանում է պապդ, հերդ վախենում է ուժից, հերդ ատում է ուժը, հերդ հավատացած է, որ ուժն է ճնշում խեղճերին…»: (Նույն տեղում՝ էջ 89): Հաջորդ էջում նշվում է հայտնի մեկ այլ խաղաղության թեզ ևս. «…ֆրանսիացիներն ու անգլիացիներն իրար հարյուր տարուց ավելի կոտորեցին, հիմա հաշտ են…»: (Նույն տեղում՝ էջ 90): Վերոնշյալ մեջբերման նման մեկ այլ հատված հանդիպում ենք, երբ խոսվում է ադրբեջանցի հովվի և հայ կոմբայնավարի վեճի և, այսպես կոչված, խաղաղության հաստատման մասին հատվածում: Այնտեղ նշվում է, թե վեճից հետո ինչպես է ադրբեջանցին փրկում վիրավոր հային: Այստեղ կա խաղաղության անխուսափելիության հատված. «…խաղաղությունը գալու է, չի կարող չգալ, հայրդ քեզ է դիմում, ու ինչքան հապաղի, ու ինչքան ուշանա, հասարակ մարդիկ՝ հովիվը, կոմբայնավարն են տուժելու, միշտ հասարակ մարդիկ՝ ժողովուրդն է տուժում, միամիտ, մեր հարցերը, չէ, մենք պիտի լուծենք, չէ, մենք պիտի խոսենք, միամիտ երեխա, պատիվը կյանքից թանկ է, տղամարդու պատիվը կյանքից թանկ, չէ, մենք առանց, չէ, միջնորդների, միամիտ, չէ, մենք, չէ…»: (Նույն տեղում՝ էջ 161): Ինչպես արդեն նշեցինք, վեպը նաև քաղաքական է, թերևս այդպես է գրված անոտացիայում: Դա է փաստում նաև վեպի շապիկը, որտեղ կան Հայաստանի Հանրապետության չորս ղեկավարները: Վեպում չկարողացանք տեսնել Հայաստանի երկրորդ նախագահի կերպարը, որը, գուցե, կա, և մենք չենք կարողացել նկատել: Երրորդ նախագահի կերպարին (տեքստերը) հանդիպում ենք վեպի պայմանական երկրորդ մասում: (Տե՛ս՝ էջ 102-106): ՀՀ ներկայիս վարչապետին հանդիպում ենք վեպի պայմանական երկրորդ մասում ևս: (Տե՛ս՝ էջ 102-106, 184-185): Այս կետում հետաքրքիր է առաջին նախագահի մասին հատվածը, որ հստակ տարանջատվում է մյուս երեք նախագահներից, և ընդգծվում, որ նա միակն էր, որ կարող էր լուծել Արցախի հարցը. «…ասելու ես, փրկիչներ չեղան. բոլորը կեղծ մարգարեներ էին, ասելու ես, իսկ այն միակին, իսկ ով կարող էր, ջհուդ պիտակեցիր՝ գոռոզաբար, Արցախի հարց չկա՛, երես թեքելով, Արցախի հարցը վաղուց լուծվա՛ծ է, ասելու ես,…»: (Նույն տեղում՝ էջ 157): Նկատում ենք, որ վեպում դրական է ներկայացվում առաջին նախագահը, հատկապես Արցախի հարցը լուծելու համատեքստում: Մյուս դեպքերում կա՛մ նախատիպերին անդրադարձը բացակայում է, կա՛մ կա մեղմ անհամաձայնություն: Վեպի կարևոր խորհրդանիշերից է աղավնին, որին գրքում հանդիպում ենք շատ անգամներ: (Տե՛ս նույն տեղում՝ էջ 81, 94, 101, 130, 152, 189, 192): Հանդիպելուց զատ հեղինակը տալիս է նաև խորհրդանիշի մեկնաբանությունը. «…կյանքի ծառը հայելային անդրադարձմամբ շարունակվում, դառնում է մահվան ծառը՝ վրան թռչուններ, դեռ չգիտես՝ թռչունը՝ մահվան նշան՝ աղավնի…»: (Նույն տեղում՝ էջ 94): Այդ խորհրդանիշով է ավարտվում նաև վեպը. «…ամբողջ երկինքը աղավնի է… սուլելու, փորձելու ես ցրել, չէ, ավելի են, չէ, շատանալու, չէ, տարածվելով շուրջբոլորը, գրավելով նոր հեռավորություններ, չէ, նոր քաղաքներ, նոր երկրներ, չէ… ավելի, չէ, ավելի ու, չէ, ավելի, չէ, շատ…»: (Նույն տեղում՝ էջ 192): Թռչուն-աղավնին վեպում դառնում է մահվան խորհրդանիշը, այն մասնակի զուգահեռվում է նաև մահացած մարդու հոգու և մահվան ավետաբերի հետ: Վեպն ավարտվում է՝ ներկայացնելով, որ մահը տարածվելու է ու ընդգրկելու նոր տարածքներ: Այն ներկայացվում է նախ Հայաստանի սահմաններով, հետո ցույց տրվում նաև այլ երկրների սահմանները: Գրքի շապիկին ևս մահվան կարմիր թռչունն ընդգրկում է խորհրդային զինվորներին ու վերևում կանգնած մարդկանց մի մասը: Մահվան շառավիղից դուրս են ՀՀ չորս ղեկավարները: Վեպն ավարտվում է մահվան տարածման գաղափարի հաստատմամբ: Խաղաղության անխուսափելիությունը կա՛մ բերում է մահվան, կա՛մ մահաբեր խաղաղության: Տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում Գրիգը խոսում է, թե ինչից է ծնվում իր գրականությունը. «Իմ պարագայում գրականությունը ծնվում է տագնապից»: (Տե՛ս՝ Տագնապից ծնվող գրականություն. Գրիգի «Նորամուտ»-ը – ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն (armenpress.am)):

«Friedensdorf» վեպը ևս տագնապից ծնված գիրք է հեղինակի համար. հոր կորուստ և պատերազմ: Վեպում անընդհատ նկատում ենք ո՛չ միայն պատերազմի տագնապը, այլ նաև պատերազմից տագնապելու, վախենալու հեղինակի տրամադրությունը: Դա են փաստում նաև վեպի շուրջ հեղինակի հարցազրույցները: Պատերազմից առաջացած վախն ու տագնապն են գուցե հեղինակին դրդում վեպում այդքան շատ խոսել խաղաղության մասին, ցանկանալ, համոզել ընթերցողին, որ թշնամի ադրբեջանցիների հետ խաղաղություն «եղել է, և անխուսափելիորեն պիտի գա այն», այնինչ այդ անխուսափելի խաղաղությունը տարածվում է մահվան տեսքով կամ խաղաղությանը փոխարինում է մահը: Եթե վեպը դիտարկենք որպես վեպ պատերազմի մասին, ապա վտանգավոր ուղերձներ կրող, ձախողված վեպ է: Իմաստազուրկ էին անգամ պատերազմում զոհված տղաների անուն-ազգանունների համար բաց թողնված տասնյակ էջերը, որոնց հաջորդում կամ նախորդում էր խաղաղության, թշնամու հետ համակեցության քարոզը, հայ և ադրբեջանցի զինվորներին նույն հարթության վրա դիտարկելու էջերը: Վտանգավոր ուղերձներով վեպ է հատկապես հիմա, աշխարհաքաղաքական ու քաղաքական այսրոպեական պահին, երբ ամենուր տրվում են «խաղաղության, համակեցության, թշնամու հետ եղբայրության» ուղերձները: Իր հարցազրույցներում հեղինակը նշում է, որ գրում էր վեպ «Խաղաղության գյուղի» երեխաների մասին, վեպից մոտ 300 էջ կրճատվել, վերացվել է: Հետո պատերազմները, քաղաքական իրավիճակը փոխել են վեպի ընթացքը, գաղափարը, սյուժեն, ու արդյունքում ստացվել է այլ վեպ: Հարկ ենք համարում ընդգծել, որ վեպի ամենաստացված մասերը «Խաղաղության գյուղի»-ի մասին պատմող հատվածներն են, երեխաների հոգեբանությունը, տագնապները, միջանձնային, կրոնական, քաղաքական, ազգային «բախումները», վեճերը, տարբեր ազգերի ներկայացուցիչների միջև պատերազմի մասին զրույցները, ինչպես նաև հեղինակի ինքնակենսագարական հատվածները, մանկությունը, պատանեկությունը, հատկապես հոր մասին հիշողությունները, մահը և մնացյալը:
Եթե հեղինակը վեպը պահպաներ, կառուցեր միայն այս կետով, ապա կլիներ շատ արժեքավոր վեպ, որն իր մեջ կունենար հետաքրքիր գաղափար, միջավայր, ժանրային առանձնահատկություն, թեմատիկ յուրահատկություն՝ գրված շնորհալի գրչով: Սակայն պատերազմն ու մնացյալը խառնելով վեպին՝ ստացվել է պատերազմի մասին ձախողված, վտանգավոր ուղերձներ ու գաղափարներ կրող մի վեպ: Դա կա՛մ հեղինակի ցանկությունն է եղել, կա՛մ ՀՀ ԿԳՄՍ-ի դրամաշնորհային ծրագրի պահանջը, կա՛մ էլ վեպի խմբագրի ցանկությունը, որի անունն այդպես էլ բացակայում է գրքում: Ինչևէ, սրանք միայն մեր ենթադրություններն են, որոնք հիմնված են որոշակի փաստերի վրա: Խորհուրդս վեպի հեղինակին այն է, որ մի օր վերանայի ու ամբողջությամբ տպագրի վեպի առաջին տարբերակը, որը, վստահ եմ, կունենա ավելի մեծ գրական, գաղափարական արժեք և կլինի անվտանգ, արժեքավոր վեպ հայ ժամանակակից գրականության համար:

Հ.գ. Գրի՛գ, հիշի՛ր, իրական Հայ ժողովուրդը ուզում է վրեժով և հաղթանակով պարտադրված խաղաղություն: Խաղաղությունը չի գալու, այն նվաճում են զենքով և պատերազմով: Մի՛ վախեցիր պատերազմից:

Արա Զարգարյան

Grakantert.am

Տեսանյութեր

Լրահոս