 
                        Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Թաիլանդից ժամանած ուխտավորների
 
                                    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում hոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Թաիլանդից ժամանած ուխտավորների՝ ուղեկցությամբ Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արթո Արթինյանի:
Ինչպես տեղեկանում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Տիար Արթինյանը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել հյուրերին և նրանց այցելության նպատակը, այն է` ճանաչել Հայաստանը որպես հարուստ մշակույթ ունեցող հնագույն քրիստոնյա երկիր:
Ողջունելով ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունն ընդգծել է, որ նման այցերը մեծապես նպաստում են երկու ժողովուրդների փոխճանաչողությանը և միջմշակութային կապերի զորացմանը։
Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձել է նաև հայ ժողովրդի կյանքում Հայոց եկեղեցու ունեցած առանձնահատուկ դերակատարությանը, ինչպես և արցախյան պատերազմի աղետալի հետևանքով պայմանավորված՝ հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարման գործում եկեղեցու առաքելության կարևորությանը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        