Հայ ժողովուրդը և պաշտոնյաները պետք է որոշեն իրենց ապագան. ՀՀ-ում ԵՄ դեսպանը՝ Հայաստանի ԵՄ անդամակցության մասին

Մենք, իհարկե, հարգում ենք Հայաստանի քաղաքացիների նախաձեռնությունը, կարծում եմ՝ շատ-շատ կարեւոր է, որ մարդիկ մասնակցում են իրենց երկրի ապագա քաղաքականությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Դա ժողովրդավարական իրավունքների մի մասն է: Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը եւ պաշտոնյաները պետք է որոշեն իրենց ապագան: Ինչպես գիտեք, մենք շատ լավ համագործակցություն ունենք Հայաստանի հետ, մենք աշխատում ենք այդ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Մենք փոխգործակցում ենք տարբեր ոլորտներում, այդ թվում անվտանգության, որպեսզի Հայաստանն օգտվի Եվրոպայի խաղաղության գործիքակազմից: Դա շատ-շատ կարեւոր է, դա փոքր աջակցություն չէ` ուղղված հզորությունների ու կարողությունների ընդլայնմանը»,-ասաց դեսպանը:

Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը կտա դրական արդյունքներ, Հայաստանը կհամապատասխանի սահմանված չափանիշներին եւ ՀՀ քաղաքացիների համար կգործի ազատ վիզային ռեժիմ:

«Իհարկե, հայ հասարակությունը, հայկական ժողովրդավարությունը պետք է որոշի, թե ինչ են ուզում անել ԵՄ անդամակցության առումով: Մեր կողմից մենք դիտարկում ենք բոլոր զարգացումները»,-ընդգծեց Մարագոսը:

Նշենք, որ Հայաստանում ԵՄ անդամակցությանն ուղղված քաղաքականություն որդեգրելուն ուղղված ստորագրահավաք է իրականացվել, արդեն իսկ հավաքվել են անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները եւ համապատասխան օրինագիծը մոտ ապագայում կքննարկվի ԱԺ-ում: Եթե ԱԺ-ն մերժի այն, ապա անհրաեշտ կլինի հավաքել 300 հազար ստորագրություն՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե իրականացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս