Լիբանանում 3 լրագրող է զոհվել իսրայելական հարվածներից. Al Jazeera
Լիբանանում իսրայելական հարվածներից գիշերը զոհվել է 3 լրագրող, որոնք լուսաբանում էին ռազմական գործողությունները։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Ըստ հրապարակման՝ հարվածը հասցվել է Լիբանանի հարավային Հասբայա քաղաքում գտնվող նրանց կացարանին։ Լիբանանյան համաարաբական Al Mayadeen հեռուստաալիքը հաստատել է, որ լրագրողների կացարանի վրա իսրայելական ավիահարվածից զոհվել է իր օպերատորը։ Al Jazeera-ն նշում է, որ ավիահարվածը, որի հետևանքով ևս երկու լրագրող է զոհվել, ամենայն հավանականությամբ, թիրախավորում էր ԶԼՄ-ների աշխատակիցներին։ Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այս հարվածից երկու օր առաջ Իսրայելն ավիահարված էր հասցրել Al Mayadeen-ին պատկանող գրասենյակի վրա։ Ենթադրվում է, որ Al Mayadeen-ը կարող է կապված լինել «Հեզբոլլահ»-ի հետ։
Al Mayadeen-ի ևս երկու լրագրող, որոնք լուսաբանում էին Լիբանանի հարավային սահմանին ռազմական գործողությունները, իսրայելական հարվածից սպանվել էին 2023 թ. նոյեմբերի 21-ին։
Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է սկսել «Հեզբոլլահ»-ի դեմ, որի հետևանքով շուրջ 2000 մարդ է զոհվել, հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են։