Պուտինը հայտարարել է, որ չի հիշում, թե Թրամփը Մոսկվային հարվածներ հասցնելու սպառնալիք հնչեցրած լինի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի հիշում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ խոսակցությունը, որում նա սպառնացել է հարվածներ հասցնել Մոսկվային, գրում է «Коммерсантъ»-ը։
Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահին հարցրել են՝ հնարավո՞ր է սպառնալ Ռուսաստանին, և ինչպես է նա վերաբերվում նման սպառնալիքներին։
«Ռուսաստանին սպառնալն անիմաստ է, քանի որ դա միայն գոտեպնդում է մեզ։ Բայց ես պարոն Թրամփի հետ նման խոսակցություն չեմ հիշում»,-հայտարարել է Պուտինը։
Նա միաժամանակ կոչ է արել «լրջորեն չվերաբերվել նման հայտարարություններին», քանի որ ԱՄՆ-ն այժմ «նախընտրական քարոզարշավի սուր փուլում է»։
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ սպառնացել է Վլադիմիր Պուտինին հարվածել Մոսկվայի կենտրոնին, եթե Ռուսաստանը «հալածի Ուկրաինային»։ Թե կոնկրետ երբ է տեղի ունեցել այդ խոսակցությունը, հայտնի չէ, Թրամփն այլ մանրամասներ չի հայտնել:
Մամուլի ասուլիսում Պուտինը ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու Դոնալդ Թրամփի ձգտումն անկեղծ է որակել: Ռուսաստանը ողջունում է նման հայտարարությունները՝ անկախ նրանից, թե ումից են դրանք գալիս, հավելել է նա։