Պերմում հրկիզել են «Եդինայա Ռոսիայի» գրասենյակը
Պերմում երկու կին Մոլոտովի կոկտեյլ են նետել Պլեխանովի փողոցում գտնվող «Եդինայա Ռոսիա» գրասենյակի վրա։ Շենքի ներսում գրեթե ամեն ինչ այրվել է, այժմ դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները, և վնասը գնահատելու համար այնտեղ են ժամանել նաև կուսակցության ներկայացուցիչները, գրում է 59.ru-ն։
ՌԴ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհի մակերեսը կազմել է 40 քմ, տուժածներ չկան։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել երկու կասկածյալի, հայտնում է Ura.ru-ն։ Ենթադրաբար, դրանք մայր ու դուստր են, որոնց, իբր, վարձատրություն են խոստացել հրկիզման համար։
Ինչպես հայտնել է «Եդինայա Ռոսիա»-ի Պերմի մասնաճյուղի ղեկավար Ստանիսլավ Շվեցովը, հրկիզման պահին մոտակայքում ճանապարհային ծառայություններ էին աշխատելիս եղել, նրանք ոստիկանություն են կանչել։ «Այդ վայրում տեղակայված տեսախցիկների տեսագրություններից պարզ է դառնում, որ երբ նրանք հրկիզել են գրասենյակը, այդտեղ այդ պահին աշխատելիս են եղել ճանապարհի կամ տնտեսական ծառայության աշխատակիցները ։ Նրանք իրենց աչքով տեսել են այս աղջիկներին, նրանք դուրս են վազել՝ թռչելով արգելապատնեշի վրայով։ Մենք, այսպես ասած, դեմ առ դեմ հանդիպեցինք նրանց»,- ասել է նա:
Այժմ Պերմի «Եդինայա Ռոսիա»-ի անդամներն աշխատում են հեռավար: Նրանք նախատեսում են գրասենյակ վերադառնալ միայն տարածքը մաքրելուց և վերանորոգելուց հետո, ասել է «Եդինայա Ռոսիա»-ի Կամա շրջանի քարտուղարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Գրիգորիևը։