
Կազանում մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովը

Կազանում մեկնարկում է ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահության ընթացքում առանցքային իրադարձությունը՝ միավորման 16-րդ գագաթնաժողովը։ Անդամ երկրների ղեկավարները կքննարկեն մոլորակի ամենասուր ճգնաժամերը, բազմաբևեռության ձևավորումը և նոր պետությունների ընդգրկումը ԲՐԻԿՍ-ի կազմում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Առաջին անգամ խմբի գագաթնաժողովը կկայանա «տասնյակի» ձևաչափով՝ հաշվի առնելով 2023 թվականին ընդունված հինգ նոր անդամներին։
Բացի ԲՐԻԿՍ-ի «տասնյակից» (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Եգիպտոս, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Եթովպիա), Կազան կժամանեն նաև գլոբալ Հարավի և Արևելքի երկրների այլ ներկայացուցիչներ, որոնք շահագրգռված են միավորման հետ համագործակցության հարցում։
Ընդհանուր առմամբ, ակնկալվում է 36 երկրների և 6 միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի մասնակցությունը։
Միջոցառումը կսկսվի հոկտեմբերի 22-ի երեկոյան Կազանի քաղաքապետարանում ընկերական ճաշկերույթով: