
Հայտնի է Կասկադ համալիրի քաղաքաշինական ծրագրի հաղթողը

Սեպտեմբերի 29-ին ավարտվել է Կասկադ համալիրի քաղաքաշինական ծրագրի քվեարկությունը, որի արդյունքներով առավել շատ ձայներ հավաքել է «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը՝ նշելով, որ այն անցկացվել է «Ակտիվ քաղաքացի» հարթակում և քվեարկության դրված է եղել 2 նախագիծ՝ «Կասկադ այգիներ» և «Կասկադ մշակութային հանգույց»։
«Ակտիվ քաղաքացի» հարթակում դիտումների քանակը եղել է 40 հազարից ավելի, իսկ քվեարկությանը մասնակցել է 2030 քաղաքացի։ «Կասկադ այգիներ» տարբերակին կողմ է քվեարկել 44,4 տոկոսը, «Կասկադ մշակութային հանգույց»-ին՝ 55,6 տոկոսը»,-ասաց Բաբայանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ երկու տարբերակն էլ մշակվել է միջազգային որոշակի ճանաչում ունեցող ճարտարապետական երկու ընկերության կողմից:
«Ավելին՝ առաջին տարբերակը, որ փաստացի ավելի քիչ ձայներ է ստացել, իրականում պատրաստի նախագիծ է, նույնիսկ 2007-2008 թվականներին, ըստ տրված շինարարական թույլտվության, այս նախագիծը սկսել էր իրականացվել, բայց հաշվի առնելով երևանցիների կարծիքը երկու նախագծի վերաբերյալ, առաջարկում եմ բաց առաջարկների մրցույթ կազմակերպել, որտեղ կհրավիրենք ներդրողներին, և արդեն որոշ չափորոշիչների համաձայն կիրականացնենք ընտրություն»,-եզրափակեց Ավինյանը: