Բաժիններ՝

Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկացրել է Լիբանանում հրադադարի պայմանների մասին. Axios

Իսրայելի իշխանություններն ԱՄՆ վարչակազմին տեղեկացրել են այն պայմանների մասին, որոնց դեպքում նրանք պատրաստ կլինեն դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանի հետ սահմանային գոտում։

Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին։

Ըստ աղբյուրների՝ Իսրայելն անցյալ շաբաթ ԱՄՆ-ին է փոխանցել փաստաթուղթ, որտեղ շարադրված են դիվանագիտական ​​կարգավորման պայմանները, որոնք թույլ կտան դադարեցնել պատերազմը Լիբանանում, իսկ երկու երկրների բնակիչները կվերադառնան սահմանի երկու կողմերում գտնվող իրենց տները: 

Իսրայելի պայմաններից մեկն այն է, որ իր ուժերը կարողանան ակտիվ միջոցներ ձեռնարկել «Հեզբոլլահ»-ի ուժերի վերազինման և նրանց ռազմական ենթակառուցվածքների վերականգնման դեմ Լիբանանի հարավային այն շրջաններում, որոնք մոտ են սահմանին։ Բացի այդ, Իսրայելը պահանջում է, որ իր օդուժը կարողանա ազատորեն գործել Լիբանանի օդային տարածությունում։

Ամերիկացի պաշտոնյաներից մեկն ասել է, Լիբանանի և միջազգային հանրության ներկայացուցիչները դժվար թե համաձայնեն իսրայելական կողմի պահանջներին, որոնք կարող են մեծապես խաթարել Լիբանանի ինքնիշխանությունը։

Axios-ի տվյալներով՝ այդ փաստաթուղթն Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը հանձնել է Լիբանանի հարցով ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Էմոս Հոխշտեյնին, որը հոկտեմբերի 21-ին կժամանի Բեյրութ և կհանդիպի հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ։Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված:

Սեպտեմբերի վերջից Իսրայելն ակտիվորեն ավիահարվածներ է հասցնում Լիբանանի հարավին և Բեյրութին՝ ոչնչացնելով «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները։ ԻՊԲ-ն հոկտեմբերի 1-ից նաև ցամաքային հարձակում է սկսել Լիբանանի հարավային շրջաններում:

«Հեզբոլլահ»-ն իր հերթին ամեն օր հրթիռակոծում է Իսրայելի տարածքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս