Լուրջ բան եմ ասում, իզուր եք սարկազմով վերաբերվում. Մհեր Գրիգորյանը՝ կադաստրի վկայականների մասին
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի տեսնում որևէ իրավական հիմք, քարտեզ, որոնց հիման վրա Կադաստրի կոմիտեն ժամանակին անձանց համար իրավունք է գրանցել այն հատվածներում, որոնք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի ժամանակ դարձել են խնդրահարույց: Գրիգորյանն այս մասին նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկմանը:
Պատգամավորը, անդրադառնալով Տավուշի հատվածում տեղի ունեցած սահմանազատմանը, նշեց, որ ՀՀ կադաստրի թուղթ ունեցող գույքեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, որոնց իրավական հիմքն ինքը չի տեսնում:
«Ես ինքս չեմ հասկանում, թե կադաստրն ինչ հիմքով և ինչ քարտեզի հիման վրա է ֆիզիկական անձանց համար իրավունք գրանցել այն հատվածներում, որոնք հետո դարձան պրոբլեմատիկ: Եթե կադաստրն ունի քարտեզ և այդ քարտեզը հիմնավոր ու լեգիտիմ քարտեզ է, մենք ինքներս դելիմիտացիայի ժամանակ կառաջնորդվեինք այդ քարտեզով:
1 կիլոմետրանոց, ավելին ասեմ՝ 5 կիլոմետրանոց շերտում չի կարելի գրանցել իրավունք:Բայց, այնուամենայնիվ, 2004 թվականից տեղի են ունեցել գրանցումներ, որոնց հիմքը ես ինքս դեռևս չեմ կարողացել հասկանալ»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ դրան պետք է տրվի իրավական գնահատական:
Նա շեշտեց՝ վկայական տալը վերջնական գնահատական չէ իրավունք ունենալու կամ չունենալու մասին, այդ իրավունքի տակ պետք է լինի իրավունքը հիմնավորող փաստաթուղթ, որը, ըստ նրա, տվյալ պարագայում ուղղակի գոյություն չունի կամ իրենք այդպես էլ չեն կարողացել գտնել այդ փաստաթուղթը: