#ՀԻՄԱ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ. ԱՐՑԱԽԻ ՀԿ-ՆԵՐԸ ՆԱՄԱԿ ԵՆ ՀԱՆՁՆՈՒՄ ՀՀ ԱԳՆ-ԻՆ. #ՈԻՂԻՂ

Հայաստանը միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ Ադրբեջանի պահանջին չպետք է տեղի տա։ Այս պահանջով ՀՀ ԱԳՆ շենքի մոտ Արցախի մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք եկել են նամակ փոխանցելու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

Ակցիայի նախաձեռնող խմբի անդամ Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ 2024թ.-ի սեպտեմբերի 22-ին Արցախի ավելի քան 50 կազմակերպություններ ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին նույնաբովանդակ ուղերձ են հղել։

Նամակում արցախցիները հիշեցնում են Արցախի քաղաքացիների պաշտպանության հարցում ՀՀ-ի պարտավորությունների մասին, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքներում։

«Ադրբեջանը լկտիաբար ՀՀ-ից պահանջում է համատեղ դիմել ԵԱՀԿ-ի լուծարման խնդրանքով։ ՀՀ-ի իշխանությունները չպետք է համաձայնվեն պաշտոնական Բաքվի այս և համանման պահանջներին, քանի որ ընդունումը ոչ միայն նվաստացուցիչ է, այլ նաև ՀՀ-ին զրկելու է Արցախի քաղաքացիների կենսական իրավունքների ու շահերի, ինչպես նաև ՀՀ-ի պետական շահերի պաշտպանության հարցում միջազգայնորեն ճանաչված ռազմավարական մեխանիզմից»,-ասաց Գրիգորյանը։

Նամակում նշվում է, որ ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ ՀՀ-ն լիարժեք իրավունք ունի մասնակցելու ԼՂ կարգավիճակի որոշման հարցին։

«Ավելին՝ ՀՀ-ն օժտվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոշակի գործառույթներով։ Արցախի ապօրինի զավթման փաստը, էթնիկ զտումը և բնիկ հայ ժողովուրդի նկատմամբ ցեղասպանական գործողություներն ամենևին էլ չեն նշանակում, որ խաղաղության միազգային համաժողովում ԼՂ կարգավիճակի որոշման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը փակված է»,-նշվում է նամակում։

Ընդգծվում է, որ ԵԱՀԿ շրջանակներում ԼՂ կարգավիճակի որոշման հարցում ստանձնած միջազգային պարտավորություններից Հայաստանի իշխանությունների ֆորմալ հրաժարումը բացարձակապես հիմնազուրկ ու խիստ վտանգավոր է։

Ակցիայի մասնակիցները վստահ են, որ առանց Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի երաշխավորման, Արցախի միջազգային կարգավիճակի որոշման, անհնար է պատկերացնել որևէ տևական, արդար ու արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում։

Տեսանյութեր

Լրահոս