Բաքվում պահվող պատանդների դատավարությունը լավագույն դեպքում տեղի կունենա 2025 թվականին. Ադրբեջանը պետք է բավարարի հասարակության սպասումները. Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանը հերթական անգամ երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ծանր մեղադրանքներ են առաջադրվել Բաքվի դատարանի կողմից՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Վերջերս էլ հայտնի դարձավ, որ մեղադրանքներն ավելի են խստացվել, ավելացել է նաև «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» հոդվածը։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ մեկ տարուց ավելի է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնք քաղբանտարկյալ են և պատանդներ՝ գտնվում են ապօրինի ազատազրկման կարգավիճակում։ Թեպետ ներպետական իրավական համակարգի տեսանկյունից կալանքը կիրառվում է որպես խափանման միջոց, սակայն միջազգային ստանդարտներով ներկայացված պահանջները խախտված են։

«Կարծում եմ՝ հանցագործություն կատարելու ողջամիտ կասկածը բացակայում է։ Ավելին՝ այն պարբերական վերանայումները, որոնք կատարվում են դատարանների կողմից՝ պրոցեդուրալ չեն բավարարում արդարացիության չափանիշներին։ Հասկանալի է, որ մեղադրանքները քաղաքական են, դատավորներն անկախ չեն և ամբողջովին գործում են հայատյացության միջավայրում, որտեղ խնդրին բերում են սեփական մոտեցումն ու վրեժխնդրությունը։

Այս խնդիրներից զատ, նկատում ենք նաև այլ բացասական տենդենց. Եթե սկզբնական շրջանում կալանքի ժամկետները կարող էին երկարաձգել 4 ամսով, ապա մենք հիմա տեսնում ենք 5 ամիս։ Նույնիսկ վերջին շրջանում երկարաձգումների պարագայում, անգամ հստակեցված չէ կալանքի ժամկետը, ինչն անթույլատրելի է, որովհետև միջազգային ստանդարտները պահանջում են, որ կալանքը՝ որպես խափանման միջոց, կիրառվի հստակ ժամանակահատվածով։ Նախնական փուլում պետք է լինեն ողջամիտ ժամկետներում դատական վերանայումներ, հասկանալի է, որ 6, 7, 8 ամսով երկարաձգումները չեն կարող համարվել ողջամիտ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սիրանուշ Սահակյանը։

Կարդացեք նաև

Իրավապաշտպանը նկատեց՝ Ադրբեջանը մի կողմից հայտարարում է, որ նախաքննությունն ավարտված է, ինչը ենթադրում է, որ կարճ ժամանակ անց դատաքննություն պետք է տեղի ունենա, որտեղ ինքնուրույն պետք է քննարկման առարկա դառնա կալանքը որպես խափանման միջոց փոխելու նպատակահարմարությունը, մյուս կողմից էլ՝ դատական նիստեր չեն նշանակվում, նախաքննության ընթացքում նոր մեղադրանքներ են առաջադրվում և չորոշակիացված ժամանակահատվածով երկարացվում կալանքի ժամկետները։

«Մենք հրապարակային աղբյուրներից չենք տեսնում կոնկրետ ժամկետներ, թե ինչ տևողությամբ է կալանքի ժամկետը երկարաձգվում։ Ինչպես և նախատեսում էինք, Ադրբեջանը չէր կարող COP-29-ի նախապատրաստման և հյուրընկալման ընթացքում իրականացնել դատավարություններ, որոնք բացասաբար կանդրադառնային Ադրբեջանի հեղինակությանը՝ հաշվի առնելով դրանց ոչ լեգիտիմ բնույթը։ Լավագույն դեպքում այդ դատավարությունները կարող են իրականացվել 2025 թվականին։ Այս առումով Ադրբեջանի գլխավոր դատախազի պարբերական հայտարարությունները մենք ընկալում ենք պրոպագանդայի տեսանկյունից, որը կապված է ներքաղաքական իրավիճակի հետ։ Իրենք իրենց հասարակությանը տվել են մեծ խոստումներ ոչ միայն Արցախի Հանրապետության կործանման, այլև պատժողական գործողությունների մասով, «Նյուրնբերգյան տրիբունալի» վերածվող այս դատավարությունները պետք է բավարարումներ տան հասարակության սպասումներին։ Սրա հետ կապված բոլոր հայտարարություններն ինչ-որ առումով պետք են ներքին լսարանին, որպեսզի ցուցադրեն քաղաքական էլիտայի «հետևողականությունը»»,- հավելեց մեր զրուցակիցը։

Սիրանուշ Սահակյանը նաև ընդգծեց՝ Ռուբեն Վարդանյանի առումով Ադրբեջանի կողմից կա որոշակի անհատականացում, ինչը, նրա կարծիքով՝ անխուսափելի էր, նկատի ունենալով Ռուբեն Վարդանյանի շատ թե քիչ արդյունավետ կումունիկացիան արտաքին աշխարհի հետ՝ ընտանիքի միջոցով, նաև ձեռնարկված իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլերը։

Ըստ այդմ, Ռուբեն Վարդանյանի շահերը պաշտպանելու տեսանկյունից, նախ բարձրաձայնվում են խնդիրները՝ տեղի ունեցածը թաքցնելու մոտեցում որդեգրած չէ։ Ինչպես նաև բարձրաձայնել է հայերի նկատմամբ ծրագրավորված միջազգային հանցագործությունների և տարբեր խնդիրների մասին, նույն հետևողականությամբ բարձրաձայնվում է Բաքվի բանտում իր իրավունքի խախտման մասին։

«Այս առնչությամբ նախաձեռնվել են թե՛ միջազգային գործընթացներ, թե՛ ներպետական։ Այստեղ հետաքրքրական է, որ Ռուբեն Վարդանյանը նաև կամք է ցուցադրել՝ դիմելու ներպետական միջոցների, որոնք, իհարկե, անարդյունավետ են, սակայն կարևոր նշանակություն կարող են ձեռք բերել միջազգային գործընթացների տեսանկյունից։ Այս գործողությունները չեն կարող աննկատ մնալ, դրանք անհատականացվում են նաև պետությունների վարքագծում։ Սա է պատճառը, որ մենք դիտարկում ենք նման տարբերակիչ մոտեցումներ նրա նկատմամբ»,- նշեց նա։

Սիրանուշ Սահակյանը բացառում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման հնարավորությունն անգամ  COP-29-ի կամ միջազգային հանրության կոչերի ֆոնին, քանի որ նրանց գործոնն ամբողջ ծավալով օգտագործված չէ Ադրբեջանի կողմից։

«Այս ձերբակալումները և պատանդառություններն ունեն հստակ նպատակներ, և այս փուլում ազատ արձակումը չի կարող նպատակահարմար դիտարկվել Ադրբեջանի կողմից։ Բայց չենք բացառում ազատ արձակման գործընթաց այլ կարգավիճակ ունեցող հայ պատանդների մասով, որոնք մասնավորապես 2023 թվականի սեպտեմբերի հարձակումների ընթացքում գերեվարվել են։ Սա հնարավոր է, եթե հստակ սպառնալիքներ լինեն՝ կապված Ադրբեջանի վարկանիշի հետ։ Իր փրկությունից ելնելով՝ գուցե այդ քայլն իրականացնի»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս