ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը

Այսօր՝ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի  ունեցավ Գագիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը։ Նիստի ընթացքում փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանին կրկին միջնորդեց թույլատրել Գագիկ Խաչատրյանին բուժման նպատակով մեկնել արտերկիր:

Պաշտպանը դատարանին հայտնեց նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստաբանական խմբի ներկայացրած գանգատի հիման վրա ՀՀ կառավարությունից պահանջել է պարզաբանել Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու հանգամանքը։

«Մասնավորապես դատարանը պահանջել է հիմավորել առաջինը՝ թե որքանով է վիրահատության նպատակով մեկնել չթույլատրելը համահունչ կյանքի իրավունքի երաշխավորման պետության դրական պարտավորությունների հետ։ ՄԻԵԴ-ը նաև պահանջել է հիմնավորել, թե արդյոք դատական նիստի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց համար պատշաճ հարմարեցված պայմաններ չապահովելը չի հանգեցրել անձի նկատամամբ նվաստացուցիչ և անմարդկային վերաբերմունքի։ Կարծում ենք սա սթափեցնող ազդակ պետք է լինի մեր պետության համար, որ հավակնում է մեկ անգամ ևս խախտել մարդու կյանքի և արժանապատվության հիմնարար իրավունքները: Նախորդ անգամ ևս միայն ՄԻԵԴ որոշման պատճառով փոփոխվեց Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը: Հիմա ստացվում է, որ մինչև ՄԻԵԴ-ը չարձանագրի իրավունքի խախտում, մեր պետությունը չի պատրաստվում դադարեցնել անմարդկային վերաբերմունքը»- ասել է պաշտպան Երեմ Սարգսյանը։

Անդրադառնալով դատարանի կողմից նշանակվող փորձաքննություններին` պաշտպանը իր մտահոգությունը հայտնեց ձևավորված պրակտիկայի վերաբերյալ.

Կարդացեք նաև

«Դատախազը հերթական անգամ պահանջում է անցկացնել փորձաքննություն։ Մի բան, որ այս քննության ընթացքում արդեն երեք անգամ իրականացվել է։ Եթե երեք փորձաքննությունից հետո պետությունը չունի իր համար  «ձեռնտու» եզրակացություն, ապա պարզ է, որ անձին բուժօգնությունից զրկելով մարդու վիճակը ինքնուրույն չի լավանալու, պետությունը այդ «ձեռնտու» եզրակացությունը չի ստանալու։ Ուրեմն չի կարելի անընդհատ անցնել այս փակ շղթայով»-իր խոսքում նշել է Երեմ Սարսգյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պետական գործունեության ընթացքում թույլ տրված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար, որպիսի մեղադրանքները վերջինս չի ընդունում։ Նախկինում, Գագիկ Խաչատրյանը գտնվելով Գերմանիայում, քննիչի առաջին իսկ կանչով ընդհատել է հետվիրահատական բուժումը, վերադարձել Հայաստան և ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Սակայն արդեն երկու տարի է դատարանը թույլ չի տալիս վիրահատության նպատակով կրկին մեկնել արտերկիր, ինչի վերաբերյալ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ։

Գագիկ Խաչատրյանի պաշտպաններ

Տեսանյութեր

Լրահոս