ԵՄ փորձագետներին ներկայացվել է փաստաբանական համայնքի խնդիրները. Հարկային բեռի ավելացում, բռնություններ
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ընդունել է Եվրոպական Միության TAIEX դիտարկման առաքելության պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Եվրահանձնաժողովի Արդարադատության և սպառողների գլխավոր տնօրինության (DG JUST) ներկայացուցիչը Յոհաննես Հոյջերին, փորձագետներ Ջիանլուիջի Պրատոլան և Յենս Վոելկը։
Պաստաբանների պալատից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը, աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը և Պալատի նախագահի միջազգային հարցերով օգնական Նանե Գրիգորյանը:
Առաքելության նպատակն է բացահայտել Հայաստանի դատաիրավական համակարգի՝ մասնավորապես դատավորների և դատախազների աշխատանքի ընդհանուր գնահատականը, ուսումնասիրել առկա վիճակը, բացահայտել բացերն ու կարիքները, կատարված եզրակացությունների հիման վրա ձևակերպել առաջարկություններ եվրոպական և միջազգային չափանիշներին համահունչ բարեփոխումների, ինչպես նաև ԵՄ-ի ներգրավվածության հեռանկարների վերաբերյալ:
Ողջունելով հյուրերին, ՀՀ փաստաբանների պալատի նախագահը կարևորել է եվրոպական կառույցների ու գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը: Նա բարձր է գնահատել փորձագիտական թիմի Հայաստան կատարած այցի նպատակը և ՀՀ փաստաբանների պալատում քննարկում իրականացնելու նախաձեռնությունը: Պատասխանելով հյուրերին հուզող օրակարգային հարցերին՝ Սիմոն Բաբայանը ներկայացրել արդարադատության համակարգում առկա վիճակը, փաստաբանական համայնքի համար մտահոգություն առաջացնող վերջին զարգացումները և մարտահրավերները այդ փաստաբաններին բռնության ենթարկելու դեպքերը:
Հատկապես ընդգծվել է, որ ՀՀ հարկային օրենսգրքում իրականացված վերջին փոփոխությունների արդյունքում 2025 թվականից նախատեսվում է կտրուկ բարձրացնել իրավաբանական օգնության նկատմամբ կիրառվող հարկը, որը հանգեցնելու է փաստաբանական ծառայությունների գնաճի և իրավաբանական օգնության հասանելիության նվազման: Պատվիրակության ուշադրությունն է հրավիրվել, որ օրենսդրական փոփոխության արդյունքում հարկման է ենթարկվելու նույնիսկ անհատույց իրավաբանական օգնությունը, խտրական վիճակում են հայտնվելու ֆիզիկական անձ շահառուները:
Առաքելությանը ներկայացվել է նաև պետության որդեգրած մոտեցումները և այն հետընթաց միտումները, որոնք առկա են անվճար իրավաբանական օգնության ոլորտում, այդ թվում՝ հաջորդ տարի նախատեսվող հաստիքների կրճատումը Հանրային պաշտպանի գրասենյակում: Մինչդեռ ակնհայտ է, որ Գրասենյակն առանց այդ էլ աշխատում է գերծանրաբեռնված, իսկ հարկային փոփոխությունների հետևանքով այդ վիճակն ավելի է սրվելու: Ավելին, հանրային պաշտպանների համար ապահովված չեն պետական ծառայողներին հավասար սոցիալական երաշխիքները:
Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության, բովանդակային զրույցի և արդյունավետ տեղեկատվության համար՝ նշելով, որ արձանագրված խնդիրները տեղ կգտնեն փորձագիտական թիմի եզրահանգումների և առաջարկությունների մեջ: