ՔՊ-ի ներթիմային ճաքերը գնալով խոշորանում են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեի խորհրդարանական լսումներն իսկապես ուշագրավ էին: Հարցը միայն լսումների թեման չէր, չնայած, հասարակության կյանքի, նիստուկացի և կենսագործունեության տեսանկյունից այն իսկապես էլ կարևոր է, եթե չասվի օրախնդիր թեմա է՝ հանցավորություն, հանցագործությունների հրաբխային աճ, հանցածին իրավիճակ: Նկատենք, որ քրեածին իրավիճակն ու հանցավորությունը այն եզակի ոլորտներից են, որտեղ փաշինյանական իշխանությունը կտրուկ և շոշափելի աճ է գրանցել: Բայց լսումները հիշարժան դարձան ոչ այնքան թեմատիկայի, որքան այդ լսումների ընթացքում արձանագրված ներիշխանական գզվռտոցի, եթե կուզեք՝ «իրարուտոցու» հետ կապված:
Չէ, խնդիրը այն չէ միայն, որ փաշինյանական իշխանության ներսում լուրջ խլրտում է ծավալվել՝ իրավապահուժային բլոկի վրա խմբակային տոտալ վերահսկողություն սահմանելու համար: Քիչ չեն խոսակցություններն ու արտահոսքերը, այդ թվում՝ հենց իշխանական շրջանակներից, որ վերջերս այդ ներքին կոնֆրոնտացիայի հետևանք էր արդարադատության նախարարի «ստորագրահավաքային» հրաժարականը: Նմանապես քիչ չեն խոսակցություններն առ այն, որ սև ամպեր են կուտակվում ԱԱԾ տնօրենի, ՆԳ սուպերնախարարի, Քննչական կոմիտեի նախագահի ու ոչ միայն նրանց գլխին: Սկզբունքորեն, նույնիսկ սպասելի էր, որ նախօրեի լսումներն էլ Անդրանիկ Քոչարյանն ու նրա «խմբակը» օգտագործելու էին նշյալ «գործընթացին» նոր թափ հաղորդելու համար: Սակայն բուն դրսևորումները գերազանցեցին նույնիսկ այդօրինակ «ինտրիգային» սպասումները: Ու հարցն այստեղ ամենևին այն չէ, թե ինչ «հատընտիր» փողոցային բառապաշար ցուցադրեցին իշխանության «կարկառունները», ի դեմս նույն Անդրանիկ Քոչարյանի, Հովիկ Աղազարյանի ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի, կամ «քուչի բազառի» ինչպիսի վիրտուոզ օրինակ դրսևորեցին:
Փաշինյանական իշխանության այդօրինակ «որակները», այդ թվում՝ թիկունքից հարվածելը (նույն ԱԺ դահլիճում), խմբովի մեկի վրա հարձակվելը, զանազան հաշվեհարդարների դիմելը, փողոցային ժարգոն օգտագործել ը մի առանձնահատուկ նորություն չեն: Այստեղ շատ ավելի կարևոր է այլ բան, այն, որ Փաշինյանի իշխանության ոչ շարքային ներկայացուցիչները բացեիբաց ապացուցեցին գրեթե այն ամենը, ինչ, ահա, քանի տարի շարունակ (ի դեպ, փաստերով) ասվում է նրանց մասին, այդ թվում՝ լրատվամիջոցների կողմից: Այսինքն, մեծ հաշվով, դա էլ մի առանձնահատուկ նորություն չէր: Բայց, համաձայնեք, մեկ բան է, երբ դա ասում է մամուլը, ասում են ընդդիմադիրները, ասում են փորձագետները՝ հայթայթելով ու համադրելով փաստերը, այլ բան է, երբ դա ասում են հենց իրենք՝ փաշինյանական իշխանավորները, որոնք այլ պարագաներում ձգտում են կույս ձևանալ ու հերքել այդ ամենը:
Առաջինը, ինչ կարելի է ու պետք է առանձնացնել, լեզվակռվի ընթացքում Հովիկ Աղազարյանի արած այն մերկացնող հայտարարությունն էր, որ կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ քննության համար ցանկալի ցուցմունքներ կորզելու համար: Դա, իհարկե, այդպես է: Ճիշտ է, նա դա ասում էր անձնական նկատառումներից ելնելով, բայց ինքնախոստովանությունն ինքնին հետաքրքիր էր: Այդ մասին անընդհատ խոսում են իրավաբանները, իսկ հիմա դրա մասին, այն էլ ԱԺ դահլիճում խոսեց քպականը: Ինչ վերաբերում է Արգիշտի Քյարամյանին, որը, ինչպես ոլորտում են ասում, հազիվ բուհն ավարտելու տարիքին հասած, իրավապահ-ուժային բլոկում հասցրել է ամենատարբեր պաշտոնների «կոստյումներ» փորձել և, պատկերավոր ասած, Բրեժնևից շատ մեդալներ ունի, ապա նրա նյարդերը տեղի տվեցին:
Եվ Քյարամյանն էլ բացահայտեց, ավելի ճիշտ՝ խոստովանեց, որ օրնիբուն կոռուպցիայի և հովանավորչության դեմ ճամարտակող իշխանության ներկայացուցիչները լավ էլ կոռումպացված են, հավեսով դիմում են հովանավորչությանը, ինչը դրսևորվում է իր գլխավորած կառույցի տիրույթում հայտնված այս կամ այն անձի ու նրա «գործի» վերաբերյալ իշխանական զանգերով: Ու ահա այդ իշխանության ղեկավարն է, որ օդ է թնդացնում կոռուպցիան հաղթահարելու մասին հայտարարություններով, որ համընդհանուր ծիծաղ է հարուցում, հիմա էլ «գործ սարքելու» երևույթը հաղթահարելու, դրա չլինելու մասին էլ ավելի փուչ դիտարկումներով: Չէ, առանց Քյարամյանի հայտարարության էլ պարզ էր, որ դա կեղծիք է, բայց այդ ստի այսպիսի քողազերծումն էլ ավելի գեղարվեստական ու, թող ներվի ասել, էպիկական բնույթ է ստանում: Մյուս կողմից՝ ոչ պակաս զավեշտական էին Անդրանիկ Քոչարյանի և մի քանի այլ քպականների դրսևորումները, երբ փորձում էին Արգիշտի Քյարամյանին, այսպես ասած, կարգի հրավիրել:
Զավեշտական էին, որովհետև այդ Արգիշտի Քյարամյանին՝ նման վարքուբարքով ու դրսևորումներով, ձևավորել են հենց իրենք՝ իրենց շեֆով հանդերձ, երբ նրան այդ տարիքում այդպիսի պաշտոններ էին վստահում ու անսահմանափակ իշխանությամբ օժտում, կարևորը՝ իրենց ուզածներն անի: Իսկ քանի ու քանի հոգու կյանք և ճակատագիր է արժանացել այդ ամենը…
Բայց ի՞նչ են մարդկային կյանքերն ու ճակատագրերը այս իշխանության, նույն Փաշինյանի, նրա նվիրյալ զինակիցներ Հովիկ Աղազարյանի, Անդրանիկ Քոչարյանի ու մնացյալ քպականների համար: Ոչինչ են, ոչ մի բան: Ու դա դեռ Նիկոլ Փաշինյանն է խոստովանել՝ «լինելու էր նույնը, բայց առանց զոհերի» իր անջնջելի արտահայտությամբ: Շատերին է, կարծես, հետաքրքրում՝ հնարավո՞ր է՝ այդ ներիշխանական գզվռտոցը վերաճի ավելի մեծ բանի: Չգիտենք: Գուշակ չենք: Բայց, ամեն դեպքում, չի բացառվում: Եթե լինեն ճնշման էական ազդակներ…
Հա, ի դեպ, սա ներքպական ճաքերի միակ դրվագը չէ, դրանք հատկապես վերջին օրերին առավել հստակ են սկսել երևալ՝ միմյանց վրա «բոչկա գլորելու», սոցցանցերում խորհրդավոր գրառումների ու այլ դրսևորումների տեսքով: Ու ոչ միայն…