ՔՊ-ում անպայման անդրադարձ կլինի երեկվա դեպքերին. երբեք չի կարելի պատգամավորին ճնշել. Անդրանիկ Քոչարյան

Յուրաքանչյուր պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ, Ազգային ժողովն այն հարթակն է, որտեղ կարելի է սուր բաներ ասել, սակայն հակադարձելուց չպետք է անձնական վիրավորանքների դաշտ մտնել։ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ երեկ կրքերը թեժացել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև։ Անգամ փոխադարձ վիրավորանքներ են հնչել։

Քոչարյանի խոսքով` բարեվարքությունն ու պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքը պետք է լինի ուժային բոլոր կառույցներում։

Արդյոք ՔՊ խմբակցությունում քննարկո՞ւմ եղել է Արգիշտի Քյարամյանի պահվածքի մասին, Քոչարյանը նշեց, որ չի եղել նման քննարկում, սակայն անպայման անդրադարձ կատարվելու է։

«Նման կառույցի բոլոր ղեկավարները բարեվարքությունը պետք է պահպանեն։ Աղազարյանն, ի վերջո, տարիքով մեծ է, պետք էր հարգալից լինել… Հիմա Աղազարյանն առավոտից իրիկուն մեզ էլ է անհարմար վիճակի մեջ դնում, այդպես որ լիներ, ուրեմն բոլորս պետք է դանակը առնենք ու Աղազարյանին դանակահարենք։ Այդպես չի լինում։ Հիմա պատգամավոր է, սուր կարծիք է հայտնել, ու երբեք չպետք է պատգամավորին ենթարկել ճնշման` իր տղայի հետ կապված քրեական ինչ–որ հոդվածների համար։ Ինձ համար դա անընդունելի է»,– ընդգծեց Քոչարյանը։

Նրա խոսքով` Քյարամյանն առաջին անգամն էր գալիս խորհրդարանական նման լսումների։

«Դա իր դեբյուտն էր, ու հաջորդ անգամ պարոն Քյարամյանն ավելի պատարստված կլինի ու ԱԺ–ում շփումների ընթացքում կհասկանա` ինչ է նշանակում պառլամենտ»,– հայտարարեց ՔՊ պատգամավորը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրեց խորհրդարանական լսումներ, որին ներկա էին ուժային բոլոր կառույցների ներկայացուցիչները։ Պատգամավորների մեծ մասը բացակայում էին դահլիճից։ ՀԿ հատվածից ևս քիչ ներկայացուցիչներ էին ներկա։

Տեսանյութեր

Լրահոս