«ՔՊ-ում թիմի դերակատարների մոտ խորը մտահոգություն է առաջացրել երեկվա միջադեպը. որոշները ուզել են լքել, իսկ մյուսները համոզել են իրար՝ դեռ պետք չէ լքել խորտակվող նավը»
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գլխապտույտ մեդալների քանակի՞ց, թե քաղաքական սնանկություն ՔՊ-ո՞ւմ։
Ընդհանրապես, պատմության մեջ շատ են հանդիպում մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով կորցնում են հողը ոտքերի տակից և վերադառնում իրականություն միայն այն ժամանակ, երբ երկնքից կործանված ընկնում են։ Կամ՝ ճանապարհին հասկանում են, որ այլևս չեն լինի այն բարձրության վրա, որտեղ կային, կամ էլ ջարդուփշուր են լինում այդ բարձրությունից ընկնելով։ Եվ կապ չունի՝ դու ընդդիմադիր ես, թե իշխանական, մարդու «աստղայինը» որ տանում է, տանում է։ Անդրադառնալով ԱԺ-ի միջադեպին, պետք է փաստենք մի քանի կարևոր կետ:
1. Քյարամյանը ՔՊ-ին՝ իշխող կուսակցությանը, ցույց տվեց, որ ոչ միայն ընդդիմադիրները կարող են ռեպրեսիաների ենթարկվել ուժայինների կողմից, այլև, ըստ Քյարամյանի ակնարկի, «կոռումպացված», այսինքն՝ փակագծերում՝ կոռուպցիայի դեմ կռիվ տվող իշխանավորները, որոնք ոչ վաղ անցյալում ծափ էին տալիս այն դահլիճում, որից հիմա նեղացած դուրս են գալիս՝ ի ցույց դնելով ըմբոստություն և անհամաձայնություն անարդարության նկատմամբ։ Ըմբոստություն, որը ցուցադրաբար դրսևորում էր Քյարամյանից նեղացած Վահագն Ալեքսանյանը:
2. Երկրորդ կարևոր կետը իշխանության ներսում առկա իրավիճակն է այն «բարդակը», որ ձևավորվել է մինչ վարչապետը տարբեր տեսարժան վայրերում հեծանիվ էր քշում։ «Բարդակ», համեմված իրար վրա գործ տալով, իրար փնովելով, ներքին պառակտումներով և թիմի ներսում թևերի բաժանվելով՝ «ավինյանականներ», «ալենականներ», «պապիկյանականներ» և այլն:
3. Սա պոռթկում էր՝ իրականության պոռթկում, որը ասում էր հետևյալը. ինչպես Նիկոլը մարդկանց տվեց Ազգային հերոսի կոչում և հետո սարքեց դավաճան, այնպես էլ այսօր իր ուժային մի հատվածի ղեկավարը հստակ հաթաթա կտա ԱԺ իշխող խմբակցության վրա։ Իսկ վաղը կասեն, որ դուք ևս այն «Ազգային հերոսի» շքանշան ստացած դավաճանների շարքերում եք։
Հ.Գ. Ըստ «օդում կախված» լուրերի, ՔՊ-ում քաղաքական թիմի դերակատարների մոտ խորը մտահոգություն է առաջացրել երեկվա միջադեպը, այնքան խորը, որ որոշները ուզել են լքել, իսկ մյուսները համոզել են իրար՝ դեռ պետք չէ լքել խորտակվող նավը»։