Գնել Սանոսյանը Թուրքիայում է. նա վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը՝ ապաշրջափակել կապուղիները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է Թուրքիայում։ Նա ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Ստամբուլում մասնակցում է Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին։

Իր ելույթում նախարարը խոսել է ներկա աշխարհաքաղաքական պայմաններում նոր, հուսալի և կենսունակ հաղորդակցության ուղիների ստեղծման մասին։

«Տարածաշրջանի բոլոր պետությունների միջև տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակումը, կապուղիների զարգացումն ու փոխկապակցվածության մակարդակի բարձրացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է»,- ասել է Սանոսյանը։

Նա վերահաստատել է հայկական կողմից դիրքորոշումը՝ իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիներն ապաշրջափակելու, նորերը ստեղծելու պատրաստակամությունը։

Նա հավելել է, որ ըստ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի` տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն և գործեն երկրի ինքնիշխանության, իրավազորության ներքո՝ հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա։

Տեսանյութեր

Լրահոս