Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի մարտական համալիրի գրավման մասին
Իսրայելական զորքերն օպերատիվ հսկողություն են սահմանել Լիբանանի Մարուն էր Ռաս հարավային բնակավայրում գտնվող «Հեզբոլլահ» կազմակերպության մարտական համալիրի նկատմամբ։ Այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ մարտական համալիրն «ուղղակի սպառնալիք էր ներկայացնում Իսրայելի հյուսիսի բնակիչների համար»։ ԻՊԲ-ի հաղորդմամբ՝ մարտական համալիրը «ներառում էր բնակելի շենք և ձիթենու պուրակ, որտեղ գտել են արձակման կայանք` «լիցքավորված և պատրաստ կրակոցներ արձակելու Իսրայելի հյուսիսի բնակավայրերի ուղղությամբ»։
«Բացի այդ, հայտնաբերվել են ստորգետնյա ենթակառուցվածքի օբյեկտներ, ահաբեկիչների թաքստոցներ, բնակելի շինություններ և հենակետեր, որոնք օգտագործվում են «Հեզբոլլահ»-ի ահաբեկիչների կողմից: Բնակելի շենքի ներսում հայտնաբերվել և ոչնչացվել են հենակետեր և զենքի պահոցներ, այդ թվում՝ հրաձգային զենք, քողարկող ցանցեր, զրահաբաճկոններ և հակատանկային հրթիռներ, ինչպես նաև խոհանոցում թաքցված արձակման կայանքներ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Գործողության նպատակն, ըստ Իսրայելի, երկրի հյուսիսային շրջաններից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար պայմանների ստեղծումն է։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել, այդ թվում՝ 127 երեխա։ Ավելի քան 1 միլիոն լիբանանցի տեղահանվել է