Համաշխարհային բանկը կարող է 100 միլիոն դոլար տրամադրել Լիբանանին՝ որպես արտակարգ օգնություն
Համաշխարհային բանկը կարող է 100 միլիոն դոլարի չափով արտակարգ միջոցներ տրամադրել Լիբանանին՝ որպես ֆինասական օգնություն։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։
«Մենք կարող ենք օգտագործել մեր գոյություն ունեցող պորտֆելը և որոշ գումար ազատենք հույժ կարևոր, կարճաժամկետ լիկվիդային կարիքների համար», – գործակալությանը հայտնել է Համաշխարհային բանկի գործառնությունների կառավարող տնօրեն Աննա Բիերդեն:
Լիբանանն արդեն Համաշխարհային բանկին պարտք է 1,65 միլիարդ դոլար, ներառյալ՝ 250 միլիոն դոլարը, որը հաստատվել է վերջին օրերին՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանը նպաստելու համար:
Հաղորդվում է, որ լրացուցիչ միջոցները կարող են հատկացվել արտակարգ իրադրություններին արձագանքի համար առկա պահուստներից:
Բիերդեն միևնույն ժամանակ նշել է, որ նման միջոցների տրամադրման համար պետք է լինի տվյալ երկրի կառավարությունից դիմում։Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել, այդ թվում՝ 127 երեխա։ Ավելի քան 1 միլիոն լիբանանցի տեղահանվել է։