ԵՄ-ն նոր սահմանափակող միջոցներ է սահմանել ՌԴ-ի դեմ՝ «հիբրիդային գործունեության համար»
Եվրամիության խորհուրդը հաստատել է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ նոր սահմանափակող միջոցներ՝ «ԵՄ-ի և նրա անդամ պետությունների դեմ ապակայունացնող գործունեության համար»:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության՝ ԵՄ-ն և նրա անդամ երկրները «խստորեն դատապարտում են ԵՄ-ի, նրա անդամ երկրների և գործընկերների դեմ Ռուսաստանի հիբրիդային գործողությունների ընդլայնվող արշավը»։
«Մենք արձանագրել ենք ԵՄ-ի և նրա անդամ պետությունների դեմ գործողությունների լայն շրջանակի աճ, ներառյալ կիբեռհարձակումները, տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտության արշավները, հրկիզման, վանդալիզմի և դիվերսիայի դեպքերը, այդ թվում՝ մեր կարևոր ենթակառուցվածքի դեմ, ինչպես նաև միգրացիան գործիք դարձնելը և այլ խափանարար գործողությունները: Ռուսաստանը նաև շարունակում է խափանել արբանյակային հաղորդակցությունը, խախտել եվրոպական օդային տարածությունը և ֆիզիկական հարձակումներ իրականացնել ԵՄ տարածքում անհատների դեմ», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԵՄ խորհուրդը նշում է, որ այս գործողությունները «Ռուսաստանի կողմից ուղղորդվող համակարգված հիբրիդային ընդարձակ արշավի մի մասն են» և նպատակ ունեն ապակայունացնել ու թուլացնել ԵՄ-ն և նրա անդամ երկրները և խարխլել Ուկրաինային տրամադրվող աջակցությունը։ Փաստաթղթում պարզաբանվում է, որ այս նոր պատժամիջոցները ԵՄ-ին թույլ կտան հետապնդել այն անձանց և կազմակերպություններին, որոնք «պատասխանատու են, իրականացնում են, աջակցում են կամ շահում են ամբողջ աշխարհում Ռուսաստանի ապակայունացնող գործողություններից»։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին ԵՄ խորհրդի մեկ այլ հայտարարության մեջ հիբրիդային սպառնալիքների շարքում թվարկվում են ընտրական գործընթացների և ժողովրդավարական ինստիտուտների գործունեության խաթարումը, տնտեսական գործունեության դեմ սպառնալիքները և սաբոտաժը, համակարգված ապատեղեկատվության օգտագործումը և այլն։Ըստ հաղորդագրության՝ խորհրդի այս որոշումը հիմնված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի առաջարկության վրա։
«Այս նոր իրավական շրջանակների համաձայն՝ համապատասխան անձանց ակտիվները կսառեցվեն, և ԵՄ քաղաքացիներին ու ընկերություններին կարգելվի նրանց միջոցներ տրամադրել», – ասվում է հաղորդագրության մեջ:Բացի այդ, ֆիզիկական անձանց նաև կարգելվեն ուղևորությունները, այդ թվում՝ ԵՄ-ի տարածքով տարանցումը։