15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցից երեխայի դի է տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոց են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:
Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Օհանյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 15-ամյա Դավիթ Ռ.-ն է:
Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աթայանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վոյելբոլ խաղալու ժամանակ իրեն վատ է զգացել, ու մինչ շտապօգնության ժամանումը, հանկարծամահ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։