
Թեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Իսրայելը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի. Արաղչի

Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումը եղել է ինքնապաշտպանության նպատակով՝ ի պատասխան իրանական շահերի վրա Իսրայելի հարձակումների. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ Թեհրանը չի ծրագրում շարունակել հարձակումները, սակայն եթե Թել Ավիվը որևէ քայլ ձեռնարկի Իրանի դեմ, պատասխանն ավելի կոշտ կլինի:
Այսօր Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ասել է, որ Իսրայելի դեմ հարձակումը «նվազագույն պատիժ է Իսրայելի հանցագործությունների համար»:
Իրանը երեքշաբթի գիշերը 181 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչը Թեհրանի երբևէ ամենամեծ հարձակումն է տարածաշրջանային թշնամու վրա: Հրթիռակոծումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անցյալ ուրբաթ Իսրայելը Բեյրութի վրա հարվածների ժամանակ սպանել է Իրանի դաշնակից «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահին: