Լիբանանի վարչապետի պաշտոնակատարը Բեյրութում հանդիպել է Իրանի արտգործնախարարի հետ
Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին Բեյրութում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերը քննարկել են Լիբանանում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։
Այս մասին հաղորդում է Լիբանանի պետական լրատվական գործակալությունը։
Արաղչին վերահաստատել է Իրանի աջակցությունը Լիբանանին, որտեղ Իսրայելը սեպտեմբերի 23-ից հարձակումներ է իրականացնում։
Իրանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Թեհրանը նախատեսում է դիվանագիտական արշավ սկսել, այդ թվում՝ խնդրել Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի անցկացում։
Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ այդ գնդակոծությանը կպատասխանեն, երբ անհրաժեշտ համարեն:
Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։
Ըստ Լիբանանի կառավարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից Լիբանանում գրեթե 1300 մարդ է զոհվել։
Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 1,2 միլիոն լիբանանցի։