Կիմ Չեն Ընը խոստացել է միջուկային զենք օգտագործել Հարավային Կորայի և ԱՄՆ-ի հարձակման դեպքում
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վստահեցրել է, որ Փհենյանն «առանց վարանելու» կօգտագործի հարձակողական սպառազինությունների բոլոր տեսակները, եթե Հարավային Կորեան և ԱՄՆ-ն փորձեն զինված ուժերն օգտագործել Հյուսիսային Կորեայի ինքնիշխանությունը խախտելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից։
«Եթե թշնամիներն…. անտեսեն մեր կրկնվող նախազգուշացումները և Կորեայի Հանրապետության ու ԱՄՆ-ի դաշինքում մեծ վստահություն ունենալով՝ ևս մեկ քայլ անեն՝ փորձելով զինված ուժերն օգտագործել Հանրապետության (ԿԺԴՀ) ինքնիշխանությունը խախտելու համար, ապա մենք անվարան գործի կդնենք ողջ հարձակողական ուժերը…., ներառյալ միջուկային զենքը», – Կիմ Չեն Ընի խոսքերն է մեջբերել Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը հոկտեմբերի 2-ին այցելել է Կորեայի ժողովրդական բանակի հատուկ նշանակության ուժերի ուսումնական բազա, որտեղ հետևել է վարժանքներին:
Իր ելույթում ԿԺԴՀ ղեկավարը հիշեցրել է, որ իր երկիրը միջուկային տերություն է, և «ռազմական բախման» դեպքում «Սեուլի և Կորեայի Հանրապետության գոյությունն անհնարին կլինի»։ Նա ընդգծել է, որ սա «ինչ-որ հռետորական սպառնալիք չէ»։ Նա նշել է, որ «տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը խախտող ուժերը» հենց Հարավային Կորեան և ԱՄՆ-ն են։