Բաժիններ՝

Իսրայելը Բեյրութին ավիահարվածների ընթացքում թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի ղեկավարի հնարավոր իրավահաջորդին. Axios

Իսրայելը հոկտեմբերի 2-ի գիշերը Բեյրութին հասցրած ավիահարվածների ընթացքում թիրախավորել է «Հեզբոլլահ» շարժման սպանված առաջնորդ Հասան Նասրալլահի հավանական իրավահաջորդին՝ շարժման գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինին։

Սաֆիեդդինը, որպես «Հեզբոլլահ»-ի գործադիր խորհրդի ղեկավար, վերահսկում է շարժման քաղաքական հարցերը։ Նա նաև Ջիհադի խորհրդի անդամ է, որը ղեկավարում է ռազմական գործողությունները։ Axios-ի աղբյուրը, որն իսրայելցի պաշտոնյա է, ասել է, որ Սաֆիեդդինը գտնվում էր ստորգետնյա բունկերում՝ Բեյրութի հարավում, և առայժմ պարզ չէ՝ արդյոք նա սպանվել է հարվածի հետևանքով թե ոչ:

The New York Times-ը նույնպես, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրում է, որ Բեյրութին հարվածների ժամանակ Իսրայելը թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան առաջնորդներին, այդ թվում՝ Սաֆիեդդինին, որոնք հանդիպում էին անցկացնում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Հեզբոլլահ»-ը սեպտեմբերի 27-ին իսրայելական հարվածից սպանված Հասան Նասրալլահի իրավահաջորդ է ընտրել նրա ազգական Հաշեմ Սաֆիեդդինին։ Սակայն ավելի ուշ «Հեզբոլլահ»-ը հերքել էր այդ լուրերը։

2017 թվականի մայիսին ԱՄՆ Պետքարտուղարությունը Սաֆիեդդինին ներառել է հատկապես վտանգավոր միջազգային ահաբեկիչների ցուցակում։Այս գիշեր ևս Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաքին։ Բեյրութի միջազգային օդանավակայանի մոտ պայթյուններ են տեղի ունեցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս