Հութիները հայտարարել են Թել Ավիվի և Էյլաթի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին
Եմենի «Անսար Ալլահ» խռովարար շարժման հութիներն անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ են հասցրել Թել Ավիվի և Էյլաթի ռազմական օբյեկտներին: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։Ինչպես նշել է Սարիան «Անսար Ալլահ»-ին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում, խռովարարների կողմից կազմավորված ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Թել Ավիվում «հակառակորդ Իսրայելի ռազմական թիրախին»՝ օգտագործելով անօդաչու թռչող սարք: Հութիները նաև չորս անօդաչու թռչող սարքեր են արձակել՝ թիրախավորելով Իսրայելի հարավային Էյլաթ քաղաքի ռազմական օբյեկտները:
«Անսար Ալլահ»-ում նշել են, որ հարվածները հասցվել են Պաղեստինում և Լիբանանում Իսրայելի դեմ դիմադրության ուժերին աջակցելու նպատակով։ Խռովարարները բոլոր արաբական և իսլամական երկրներին կոչ են արել «ակտիվ մասնակցություն ունենալ» այդ ճակատամարտին։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելն սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կազմավորումների դեմ, որի ընթացքում ավիահարվածներ է հասցնում շարժման ռազմական օբյեկտներին:
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 1000-ից ավելի մարդ զոհվել է։ Սեպտեմբերի 27-ին հարվածներից մեկի հետևանքով Բեյրութում սպանվել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահը։ Երկրում 1 միլիոն մարդ տեղահանվել է։
Հոկտեմբերի 1-ի գիշերն Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավի սահմանային շրջաններում սահմանափակ ցամաքային գործողության մեկնարկի մասին: