Չէ հա, ի՜նչ կոռուպցիա. Օրական 5.5 միլիոն դրամ շահույթն ի՜նչ փող է, որ. Մի դրվագ՝ Երևանի քաղաքապետարանի ճոխ կյանքից
Շուրջ 8 ամիս առաջ Երևանի քաղաքապետարանն ավետեց` այսուհետ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի՝ համայնքային պարկի տարածքում կգործի գազալցակայան, որը հնարավորություն կտա առավել արագ և ավտոբուսների չափորոշիչներին համապատասխան լիցքավորում իրականացնել։ Միաժամանակ կարող են 12 ավտոբուս լիցքավորել, և ըստ վարորդների՝ նախկին կես ժամի փոխարեն՝ հիմա գազը լցնում են 10 րոպեում։ Քաղաքապետարանից չէին մոռացել նաև նշել, որ ծրագիրն իրականացվել է մասնավորի հետ` չմասնավորեցնելով սակայն` ով է խորհրդավոր մասնավորը։
Պարզվում է, սակայն, որ այդ արագությունը բավականին թանկ արժե, և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տարածքում գործող գազալցակայանում գազի մեկ խորանարդ մետրը վաճառվում է 325 դրամով, երբ, օրինակ` Չարբախում՝ Շիրակի փողոց 1/5 հասցեում գտնվող գազալցակայանում, գազի մեկ խորանարդ մետրն արժե 270 դրամ, այսինքն` 55 դրամով ավելի էժան, իսկ օրինակ` Ջրվեժում` Իվան Թևոսյան 9 հասցեում գտնվող այս գովաբանված լցակայանից 1-2 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գազալցակայանում, գազի մեկ խորանարդ մետրն արժե 300 դրամ։
Ուշագրավ է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող ավտոբուսային պարկի տարածքում գործող գազալցակայանում գազի մեկ խորանարդ մետրը վաճառվում է, ինչպես ասում են, օդանավակայանի գներով։ Այսինքն` անգամ մասնավորի տարածքը չի օգտագործվում, բայց գինն անտրամաբանական թանկ է։
Մասնագետների հաշվարկներով` խորանարդ մետրը 325 դրամով գազ վաճառող գազալցակայանը օրական կարող է վաճառել մինչև 100 000 խորանարդ մետր գազ, ինչը նշանակում է, որ 55 դրամ հավելյալ արժեքի պայմաններում իրական շահույթը կազմում է մոտ 5.5 միլիոն դրամ, ամսական՝ մոտ 165 միլիոն դրամ։ Այսինքն`միայն այդ ավել գումարից այդ գազալցակայանի օրական շահույթը նվազագույնը 10 000 ԱՄՆ դոլար է կազմում։
Տիգրան Ավինյանի քաղաքական առաջնորդը ժամանակին մի արտահայտություն է արել, որը հիմա լայնորեն գործածվում է` կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ։ Բայց երևի Երևանի քաղաքապետարանում 5.5 միլիոն դրամը ոչինչ է։ Դա ի՞նչ փող է, որ կոռուպցիայից ենք խոսում։ Իսկ իրականում սա դեռ մեկ ոլորտի մի դրվագի մասին է, իսկ դեռ ինչե՜ր ու ինչքա՜ն կան։ Սա համակարգային կոռուպցիայի ցցուն օրինակ է, պետական միջոցների մսխում, թալան…Այն ամենը, ինչի մեջ երբեմնի ընդդիմադիր գործող իշխանությունները մեղադրում էին նախկիններին: