Ռուբեն Վարդանյանը երազում էր, որ արտերկրից մարդիկ գան Հայաստան՝ մրցունակ կրթություն ստանալու.UWC Դիլիջանի շրջանավարտ. News.am

UWC Դիլիջան միջազգային դպրոցի` 2017թ. շրջանավարտ Սիլվիյա Հովնանյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմում է UWC Դիլիջան միջազգային դպրոցում ուսանելու, ստացած գիտելիքների, կրթության ու ուսուցման հիմքում ընկած արժեքների, արտերկրում մասնագիտություն ստանալու ու հայրենիք վերադառնալու որոշում կայացնելու մասին:

«UWC ցանցի քոլեջներ ընդունվելը բավականին բարդ է, բայց նաև արժանի դիմորդները երբեք գումարի պատճառով չեն մերժվում: Նրանք ընդունվում են, ու միայն հետո է սկսվում կրթաթոշակի տրամադրման հարցի քննարկումը: Հայ ուսանողների գրեթե 98 տոկոսը կրթաթոշակով է սովորում, եթե ոչ ամբողջական, ապա ամբողջականին մոտ կրթաթոշակ է ստանում: Ես ինքս Ռուբեն Վարդանյանի կրթաթոշակի սան եմ»,-պատմում է Սիլվիյա Հովնանյանը:

Նա ասում է, որ ուսման ընթացքում ոչ միայն հնարավորություն ես ունենում ծանոթանալ ուրիշ մշակույթների հետ, այլև պետք է լավագույն կերպով ներկայացնես քո ժողովրդի մշակույթը. «Մենք, հատկապես UWC Դիլիջանի հայ ուսանողներս, որպես հյուրընկալ երկրի ներկայացուցիչներ, մեր ընկերներին, համակուրսեցիներին պետք է ներկայացնեինք մեր մշակույթն այնպես, որ իրենք ևս սիրահարվեին մեր երկրին, ու կապված մնային այս հողին»:

Սիլվիյան պատմում է, որ իր ճապոնացի համակուրսեցիներից մեկը, որը շատ հետաքրքրված էր Հայաստանով, տարիներ անց համալսարանական կրթություն ստանալուց հետո վերադարձել է Հայաստան և հիմա աշխատում է այստեղ. «Շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես 16-17 ուսանողը սկսում է հետաքրքրվել այն վայրով, որտեղ պետք է երկու տարի ապրի, և այնքան ամուր է լինում այդ կապը, որ որոշում է հետագայում վերադառնալ»:

Սիլվիյան, որը բարձրագույն կրթությունը ստացել է ԱՄՆ-ում, նշում է, որ UWC ցանցում և UWC Դիլիջանում ստացած թե՛ գիտելիքները, թե՛ արժեքները ոչ միայն օգնում են ընդունվել աշխարհի լավագույն համալսարաններ, այլեւ դառնում են քո ինքնության անբաժան մասը. «Առհասարակ, աշխարհի լավագույն համալսարանները շատ մեծ տեղ են տալիս UWC-ի կրթությանը, քանի որ միջազգային բակալավրիատ (IB) համակարգով ուսուցումը աշխարհում լավագույններից է համարվում և մեզ համար շատ դռներ է բացում»:

Նա ասում է, որ համալսարանական կրթություն ստանալուց հետո իր՝ Հայաստան վերադառնալու որոշումը հեշտ չի եղել, բայց 2020թ. պատերազմն իր այդ որոշման համար վճռորոշ նշանակություն է ունեցել:

«Պատերազմից հետո ես հստակ որոշեցի վերադառնալ եւ իմ լուման ներդնել իմ հայրենիքում, արտերկրում ստացած իմ գիտելիքները օգտագործել հօգուտ իմ հայրենիքի ու իմ համայնքի: Դրան նաև նպաստեց մեր դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի օրինակը, որը վերադարձել էր ու շատ մեծ ներդրումներ արել իր հայրենիքի առաջընթացի համար: Նա իր կնոջ՝ UWC Դիլիջանի համահիմնադիր և խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդի հետ երազում էր, որ Հայաստանում նույնպես հնարավոր լինի միջազգային որակի կրթություն ստանալ, և որ կրթություն ստանալու համար դրսից մարդիկ գան Հայաստան, և մեր երկիրն իր տեղն ունենա միջազգային կրթական քարտեզի վրա: Այդ նպատակը բավականին հավակնոտ էր, բայց իրականություն է դառնում: …UWC-ից աշխարհի առաջատար բուհեր են գնում երիտասարդներ, որոնք դառնալու են ապագայի առաջնորդներ և հետագայում իրենց ասպարեզում որոշումներ կայացնելիս իրենց մտքում ու սրտում նաև Հայաստանն են ունենալու: Ու դա ոչ թե իմ, այլ իմ ընկերների խոսքերն են»,-եզրափակում է Սիլվիյան:

Տեսանյութեր

Լրահոս