«Չպետք է հրաժարվենք Արցախից. Փաշինյանը չի հանդուրժում, որ Սփյուռքում ընդդիմադիրներ լինեն». Մուրադ Փափազյան

Այսօր «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը խոսելով ՀՀ անկախության 33-ամյակի մասին, ասաց՝ ՀՀ անկախության օրը շատ կարևոր է, և հայ ազգը պետք է զորավիգ կանգնի անկախության գաղափարին։

«Հայաստանը պետք է պահի ոչ միայն իր անկախ պետականությունը, այլև հայ ազգին պետք է հզոր երկիր ու հզոր անկախություն։ Եվ իբրև ապագա ծրագիր, պետք է երևակայենք, որ անկախությունը բոլորին պետք է հավաքի՝ դառնա համահայկական գաղափար, և սփյուռքը, Հայաստանն ու Արցախը պետք է վերամիանան՝ իբրև գաղափար ու իրականություն և իբրև ապագայի սկզբունք»,- նշեց Մուրադ Փափազյանը։

Նրա խոսքով՝ պետք է կարողանան հայ ժողովրդին համոզել, որ միայն ազգի գաղափարը կարող է փրկել երկիրը և զորացնել հայրենիքը։ Այն ամենը, ինչը տկարացնում է հայ ազգին, դրանց դեմ պետք է պայքարել՝ այլընտրանք չկա։

«Մենք պետք է զորացնենք հայկական աշխարհը, այն բոլոր թեզերը, որոնք ուղղված են հենց այդ գաղափարի դեմ, դրանք չեզոքացնելու համար պետք է պայքարենք։

Կարդացեք նաև

Սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի անկախության հզորացմանը, սփյուռքը մաս պետք է կազմի ազգին, մինչև այս ամենը չհասկանանք, երկիրը կկորցնենք։

Մենք չպետք է հրաժարվենք Արցախի գաղափարից՝ արցախահայերը, սփյուքահայերը և Հայաստանի ժողովուրդը պետք է իսկապես միանան ՀՀ անկախության գաղափարի հզորացման շուրջ»,- հավելեց նա։

Մուրադ Փափազյանի բնորոշմամբ՝ ՀՀ ներկայիս իշխանությունն աշխատանքներ է տանում Հայաստանի տկարացման ուղղությամբ՝ տկարացնելով նաև սփյուռքը, փորձելով այն բաժանել։

«Առաջինն այս իշխանությունն իմ մուտքն արգելեց դեպի հայրենիք, հիմա իմ մի քանի ընկերներն այդ արգելքի մեջ են։ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում, որ սփյուռքում ընդդիմադիր ուժերը կարողանան արտահայտվել։ Սա փորձ է սփյուռքը տկարացնել, Հայաստանում ստեղծել բաժանում, Սփյուռքում՝ նույնպես, սա գիտակացաբար է անում»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս