Փաշինյանն Ալիևից ավելի Ալիև է. Ասկերանի համայնքապետի նկատմամբ իրականացվողը քաղաքական պատվեր է. Վահե Եփրիկյան

Մայիս ամսից սկսած՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարբեր համայնքապետերի նկատմամբ ՀՀ իշխանությունները քրեական հետապնդումներ են իրականացնում. Ստեփանակերտի, Ասկերանի ու Մարտակերտի քաղաքապետներն առաջիններից էին։

Մայիսի 23-ին Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը խուզարկություն կատարելուց հետո նրան ձերբակալել էին, այնուհետև, դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանքը։

Արցախցի համայնքապետերին ՀՀ իրավապահ համակարգը մեղադրում է պետությանը վնաս հասցնելու, փաստաթղթեր կեղծելու մեջ։ Համայնքապետերը համայնքի սեփականությունը համարվող մեքենաներ են բերել Արցախից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, երբ Ադրբեջանն էթնիկ զտման էր ենթարկում արցախահայերին, նրանք ստիպված էին այդ մեքենաներով իրենց ու համայնքից մի քանի այլ ընտանիքների տեղափոխել Հայաստան՝ փրկելով ցեղասպանությունից։

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի շահերի պաշտպան Վահե Եփրիկյանը փոխանցեց, որ հուլիսի 25-ից Ասկերանի քաղաքապետի նկատմամբ իրականացվում է վարչական հսկողություն։

Կարդացեք նաև

«Ասկերանի քաղաքապետի վերաբերյալ գործը գտնվում է նախաքննական փուլում, իսկ իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։ Նա չպետք է շփվի միայն վարույթով անցնող մարդկանց հետ՝ միակ սահմանափակումը սա է եղել։ Եթե Քննչական կոմիտեի վարույթն իրականացնողի փոխարեն ես լինեմ, ապա քրեական հետապնդումը կդադարեցնեմ, բայց քանի որ սա քաղաքական պատվեր է և իրավաբանության հետ խնդիր չունի, դրա համար այդ հարցն արդյունավետորեն չենք էլ բարձրացնում, դեռ «շնորհակալություն» էլ պետք է հայտնենք, որ կալանքի տակ չէ»,- 168.amի հետ զրույցում նշեց Վահե Եփրիկյանը։

Ըստ փաստաբանի, քանի որ գործը քաղաքական պատվեր է, որևէ ակնկալիք չունի։ Նա վստահեցնում է՝ քաղաքական պատվերով քրեական վարույթի շրջանակում, այսինքն՝ քրեական հետապնդման իմաստով, արդարադատության տեսանկյունից որևէ ակնկալիք չի կարող ունենալ, որովհետև ունեցած գործիքակազմն իրավաբանությունից դուրս է։ Մյուս կողմից էլ, ինչպես նա նշեց՝ չեն կարող ձեռքները ծալած նստել։

«Ժամանակին, երբ այս քաղաքական հետապնդումը նոր էր մեկնարկել, դրա մասին ինտենսիվ բարձրաձայնել ենք։ Խափանման միջոցների քննության ժամանակ թե՛ կալանքի, թե՛ տնային կալանքի երկարացման միջնորդության քննության ժամանակ դատարանի առջև մանրամասն բարձրացրել ենք այդ հարցը։ Ի պատիվ դատավոր Մարիկյանի, պետք է ասեմ, որ թեպետ վարույթն իրականացնողն ըստ էության իրականացնում է տոտալ քաղաքական հետապնդում իր ողջ գործիքակազմով, բայց չի կարելի ասել, թե դատարանը կայացրել է ակնհայտ ապօրինի որոշում։ Հենց այդ պատճառով էլ պաշտպանական կողմից այդ որոշումները չեն բողոքարկվել Վերաքննիչ դատարան, ուստի կարող ենք ասել, որ Հայկ Շամիրյանի նկատմամբ կիրառված է չարյաց փոքրագույնը։ Խափանման միջոցի հաջորդ քննության ժամանակ կփորձենք նաև հասնել նրան, որ վերացվի վարչական հսկողությունը»,- շեշտեց Վահե Եփրիկյանը։

Փաստաբանը նաև ընդգծեց՝ կարծում է, որ հանգամանքը, որ Հայկ Շամիրյանն իրականացնում է լայնածավալ հասարակական աշխատանք, մասնավորապես՝ բռնի տեղահանված արցախահայերի կարիքների համար, բացակայելու արգելքը, որը Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման նվազագույն միջոցն է, ամբողջապես ի զորու է ապահովելու նրա իրավաչափ վարքագիծը։ Քրեական վարույթի քննության ընթացքում ամեն դեպքում վարույթն իրականացնողը երբևէ չի ունեցել մի փաստարկ, որ, օրինակ, Հայկ Շամիրյանն իր վրա դրված պարտականությունները չի կատարել։

«Առաջիկայում եթե նույն տրամաբանությամբ վարույթն իրականացնողը շարունակի իր գործելաոճը, քրեական վարույթի քննությունն ընթանա նույն տրամաբանությամբ, այսինքն՝ զուտ տեխնիկապես խափանման միջոցի հարց քննարկենք մի քանի ամիսը մեկ, պաշտպանական կողմը հանդես է գալու քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ։

Այստեղ նյութական իրավունքի մասին չեմ խոսում այն առումով, որ ասում ենք՝ Ասկերանի քաղաքապետ, ո՞ւր է Ասկերանը՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Հիմա եթե Ալիևը շատ է ցանկանում, կարող է ինչ-որ քրեական վարույթ նախաձեռնի։ Բայց վերաձևակերպելով միտքը, որ չպետք է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել, այս իրավիճակում, ինձ թվում ,է Նիկոլ Փաշինյանն Ալիևից ավելի Ալիև է»,- եզրափակեց Վահե Եփրիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս