Սեպտեմբերի 19-ը խարան է մեր ժողովրդի ճակատին, ամոթ, որ մինչև հիմա հանդուրժում է սրանց. Բագրատ սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախորդ տարի Արցախում տեղի ունեցածը համարում է, առաջին հերթին, ՀՀ իշխանությունների ճակատին դրոշմված ամոթ և խայտառակություն, ովքեր, ըստ նրա՝ հանցավոր անտարբերությամբ հետևեցին Արցախում տեղի ունեցող ցեղասպանությանն ու գաղթին:

«Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 19-ը խարան է մեր ողջ հանրության ճակատին, որպես ամոթի և խայտառակության օր, միևնույն ժամանակ՝ ցավի և կորստյան օր, որ մինչև այս պահը հանդուրժում են այս իշխանության գոյությունը: Սեպտեմբերի 19-ը խարան է նաև միջազգային հանրության ճակատին, հատկապես նրանց, ովքեր երաշխավորն են եղել արցախցի մեր քույրերի և եղբայրների անվտանգության համար: Մեծ իմաստով, սա մեր պետության և ազգի ամոթի և խայտառակության օրն է»,- «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Բագրատ Սրբազանի խոսքով՝ չնայած շրջափակմանն ու սովին, Արցախի մեր հայրենակիցները պայքարել են. «Հետևաբար, մեր խոնարհումը իրենց, որ անցնելով այդ ցավի և կորստի ճանապարհը, շարունակում են իրենց պայքարի ոգին: Միասին փայփայում ենք տուն վերդառնալու կամքն ու հույսը: Այլընտրանք չունենք, քան հաղթանակը»:

Նա համոզված է, որ հեռու չէ այն օրը, երբ ազգովի դարձյալ կտոնախմբենք մեր ազատագրությունը, հաղթանակները. «Վկան՝ մեր «Եռաբլուրի» և եռաբլուրների, ինչպես նաև լքված մեր հերոսների շիրիմները, նրանց ներկայությունը, Աստծո զորության և օրհնության ներքո»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս