Օտարերկրյա գործակալական ցանցը` իր ռեզիդենտուրայով, արդեն Վրաստանում է. վերջին կռիվն է. Նարեկ Մալյան

Դատարանի սահմանած մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրելուց հետո Նարեկ Մալյանը սեպտեմբերի 19-ին օրենքի ուժով ազատ արձակվեց «Վարդաշեն» ՔԿՀ-ից:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ գործողությունների ժամանակն է:

«Որպես հայտարարություն՝ ուզում եմ ասել, որ գիրքս եմ ավարտել՝ օտարերկրյա գործակալական ցանցի դեմ արդյունավետ պայքարի մեթոդաբանական գիրքն է, թարգմանվելու է ռուսերեն, շուտով կլինի շնորհանդեսը»,- ասաց նա:

Մալյանի խոսքով՝ բավականին լուրջ իրադարձություններ են սպասվում տարածաշրջանում և, մասնավորապես, մեր երկրում՝ կապված Վրաստանի ընտրությունների հետ:

Կարդացեք նաև

«Վերջնականապես այս տարածաշրջանից արևմտյան գործակալական ցանցի դուրսմղման պրոցեսն է գնում: Հիմա այս պահին շատ չեմ ասի, հետո լրատվամիջոցներով կներկայացնեմ մոտակա մեկ ամսվա ապագային ուղղված բաներ: Ամսի 10-ի կողմերը Վրաստանում ԵԽԽՎ-ն կհայտարարի, որ այնտեղ ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին չեն համապատասխանում: Օտարերկրյա գործակալական ցանցը` իր ամբողջ ռեզիդենտուրայով, արդեն Վրաստանում է: Բավականին արյունալի փողոցային իրադարձություններ են պլանավորում լիբերալներն այնտեղ: Դա վերջին կռիվն է լինելու:

Եվ բավական լայն և ռեալ հնարավորությունների դուռ է բացվում դավաճան իշխանություններից իրականում ազատվելու համար: Մոտակա 1-1.5 ամսվա մասին է խոսքը: Արդեն բոլորին պարզ է, որ ժողովուրդը չի նրանց իշխանությունը, եթե ինչ-որ մարդիկ կան, որ չգիտեն, տեղեկացնեմ՝ այս դավաճանների իշխանության աղբյուրն արտաքին քաղաքական ուժերն են: 1-1.5 ամսվա ընթացքում մենք կտեսնենք, կհամոզվենք, թե ո՞ր արտաքին ուժը՝ դա կլինի Արևմո՞ւտքը, թե՞ Ռուսաստանը, որ իր վրա պատասխանատվություն կվերցնի այսուհետ այս իշխանությունների դավաճանության, ապօրինությունների համար:

Մենք ականատես կլինենք, այսինքն՝ հնարավորության ռեալ դուռը բացվում է, մի քիչ էլ կապ ունի, թե ովքեր կառաջնորդեն ընդդիմության ցույցերը, ես ոչ մեկին չեմ տեսնում այս պահին: Բայց ես մեկ տարի այստեղ եմ եղել և ուրախ եմ, որ Բագրատ Սրբազանը, ընդհանրապես ցանկացած մարդ՝ 2018 թվականից մոլորված, որ հետ է գալիս դեպի մեր գաղափարների շարքերը, ես միայն ուրախ եմ:

Մեկ տարի այստեղ եմ եղել, հանդիպումների շարք պիտի անեմ, բավականին կոշտ հռետորաբանությամբ հանդիպումների շարք, կարծում եմ՝ այլևս ցատկապարան թռնելու ժամանակը չի: Պետք է հստակ լինի 3 բան, որի առկայության դեպքում ցանկացած արտաքին ուժ տեղի կտա՝ դա օրակարգն է, ծրագիրը և վճռականությունը: Եթե դրանցից որևէ մեկը պակասում է որևէ առաջնորդի մոտ, ապա նա ուղղակի զավզակ է»,- մանրամասնեց Նարեկ Մալյանը՝ հավելելով, որ Արցախի կորուստը նոր է վերապրում, քանի որ ձերբակալվելու օրն Արցախը մերն էր:

Նարեկ Մալյանը շեշտեց նաև, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, իսկ Արմեն Աշոտյանը դասական քաղբանտարկյալ է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս