Կարեն Անդրեասյանի շռայլ ժեստը ու թափանցիկ ակնարկը՝ Հրայր Թովմասյանի գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանին. Արման Հովհաննիսյանն արդեն խոչընդոտ չէ
Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի անունը հանվել է վերաքննիչ քրեական դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից։
Դատավորին Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր նշանակվելու առաջարկություն չի ներկայացվել, քանի որ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշում է կայացրել նրան առաջարկություն չներկայացնելու վերաբերյալ, որից հետո նրա անունը հանվել է առաջխաղացման ցուցակից։
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Հովհաննիսյանն ընդգրկված է լինում առաջխաղացման ցուցակում, սակայն ԲԴԽ-ն որոշում է նրան առաջարկություն չներկայացնել, և անունը հանվում է ցուցակից։ 2023 թվականի մայիսին ևս ԲԴԽ-ն, հղում կատարելով Դատական օրենսգրքի նույն կետերին, որոշել էր դատավորի անունը հանել առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակից։
Իսկ սա նշանակում է, որ, ինչպես 168.am-ն ավելի վաղ գրել էր, Երևանի քրեական դատարանի մեկ այլ՝ Կենտրոն նստավայրի դատավոր, Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, գործող դատավոր Հրայր Թովմասյանի գործը քննող Տաթևիկ Գրիգորյանի ճանապարհն ազատ է:
ՍԴ նախկին նախագահի գործով վճիռ կայացնելուց 5 րոպե առաջ Կարեն Անդրեասյանը Տաթևիկ Գրիգորյանին, այդպիսով, վստահեցրեց՝ տեղդ ազատ է, դե քեզ տեսնեմ… Եվ, ահա, Տաթևիկ Գրիգորյանը վաղվանից արդեն կարող է կրկնապատկել Հրայր Թովմասյանին վերջապես դատելու արագությունը:
Այն, ինչ վերջին դատական նիստերին կատարվում է այդ դահլիճում, վեր է ցանկացած երևակայությունից: Տաթևիկ Գրիգորյանն ամենաչլսված վարքագիծն է ցուցաբերում դատական նիստերի ժամանակ՝ որևէ մեկի մոտ դույզն-ինչ կասկած չհարուցելով առ այն, ինչի մասին գրել էինք մենք, և ինչի մասին համակարգում գիտեն բոլորը: Տաթևիկ Գրիգորյանին խոստացել են Վերաքննիչ քրեական դատարան տանել, եթե վերջինս մեղադրական դատական ակտ կայացնի Հրայր Թովմասյանի նկատմամբ, ինչին և վերջինս անշեղորեն գնում է, իսկ հիմա դա կանի կրկնապատկված ջանքերով:
Տաթևիկ Գրիգորյանը, իհարկե, իր մոտիվացիան ունի Վերաքննիչ գնալու համար: Ինչպես Ռուբիկ Մխիթարյանն էր ջանում օր առաջ պոկվել Վերաքննիչից, այնպես էլ Տաթևիկ Գրիգորյանն է բոլոր կարմիր գծերի հատմամբ ձգտում մի վայրկյան շուտ ազատվել Առաջին ատյանի դատարանից:
Արման Հովհաննիսյանն իր ընտրությունը կատարել է, ու դժվար ինքը չիմանար, որ Վերաքննիչ չի գնալու, ավելի ճիշտ՝ չեն տանելու, ու Կարեն Անդրեասյանն իրեն հանելու է ցուցակից: Ու եթե Արման Հովհաննիսյանն ամեն կերպ ձգտեր Վերաքննիչում հայտնվել, կկատարեր քաղաքական պատվեր, կկալանավորեր նրանց, ում իշխանությունը ձգտում էր կալանքի տակ պահել, Արման Հովհաննիսյանին էլ կմակագրեին ցուցարարներին կալանավորելու գործեր, բայց այս դեպքում Արման Հովհաննիսյանին հանել են ցուցակից: Ոչ թե ցուցակն են չեղարկել, ինչպես նախորդ անգամ, ի դեպ, Տաթևիկ Գրիգորյանով հանդերձ, այլ հենց ողջ ցուցակից հանել են միայն Արման Հովհաննիսյանի անունը: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ… Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Արման Հովհաննիսյանը:
Իսկ Տաթևիկ Գրիգորյանը, ում, փաստորեն, չի հուզում, որ իր գործընկերոջն են զոհաբերում իրեն գոհացնելու համար, գոնե Հրայր Թովմասյանին դատելուց հետո ազնվություն կունենա՞ ու կպատմի՞՝ երբ և որտեղ ստացավ ՍԴ նախկին նախագահին դատելու գնով Վերաքննիչում աշխատելու առաջարկը, այն Տաթևիկ Գրիգորյանը, ով շուրջ 7 ժամ նստած ու տեղ-տեղ դանթելով էր լսում Հրայր Թովմասյանին, բայց վերջինիս՝ ընդմիջում հայտարարելու խնդրանքը, որովհետև հոգնել էր կանգնած խոսելուց, մերժեց՝ հաշվի չառնելով ո՛չ նրա տարիքը, ո՛չ կարգավիճակը:
Ափսոս էր երեխան…