
Էստոնիան 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության զինամթերքի ձեռքբերման համար

Էստոնիայի կառավարությունը մինչև 2031 թվականը 1,6 միլիարդ եվրո կհատկացնի մեծ հեռահարության սպառազինության համակարգերի համար զինամթերք ձեռք բերելու նպատակով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Էստոնիայի պաշտպանության ուժերի հրամանատար Անդրուս Մերիլոյին։
«Երեքշաբթի օրը (սեպտեմբերի 17-ին) Էստոնիայի կառավարությունը խոստացել է 1,6 միլիարդ եվրո հատկացնել մի քանի տարվա ընթացքում մեծ հեռահարության սպառազինության համակարգերի համար զինամթերքի ֆինանսավորման նպատակով»,- Helsingin Sanomat թերթին տված հարցազրույցում ասել է Մերիլոն։
Գլխավոր հրամանատարը կարծում է, որ առաջիկա երեքից հինգ տարիները Բալթիկ ծովի տարածաշրջանում վճռորոշ կլինեն հնարավոր ռազմական սադրանքների առումով։
«Մոտ ապագայում վտանգը, հավանաբար, կաճի: Եթե մենք ճիշտ գործենք, ապա սպառնալիքը կսկսի նվազել, կամ մենք կհարմարվենք այն փաստին, որ անվտանգության մի փոքր ավելի լուրջ սպառնալիքն արդեն նոր նորմալ իրավիճակ է»,- ասել է Մերիլոն: