«Հրապարակում եմ մի տվյալ, որը երբեք չի հրապարակվել». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց, որ քաղաքականության մեջ կարևոր գործիքը ճշմարտությունն է, և ՀՀ քաղաքացիները պետք է իմանան ճշմարտությունն այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում։

«Սահմանազատման կանոնակարգի 5-րդ հոդվածի 1-ին մասում մեկ կետ կա, որտեղ նշվում է այսպես ասած՝ հատվածական սահմանազատման մասին։ Եվ այն համարվելու է համաձայնեցված, անկախ նրանից, թե մինչև վերջնական սահմանազատման գործընթացն ինչքան ժամանակ կանցնի։ Այլ կերպ ասած՝ ըստ կանոնակարգի, երբ ամբողջական սահմանազատման գործընթացը համաձայնեցվի, անցնի բոլոր ներպետական փուլերը և երկու երկրների միջև կնքվի պայմանագիրը, մինչ այդ պահն այդ հատվածի սահմանազատումը համարվում է վերջնական։

Ադրբեջանն իրեն հետաքրքրող հատվածների սահմանազատումը կարող է իրականացնել, այն անվանել ավարտված ու չշարունակել, այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ չորս գյուղերի հետ։ Ադրբեջանը պարտադրեց իր կամքը, և դրա դիմաց ՀՀ-ն կորցրեց չորս գյուղ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Միաժամանակ նա ընդգծեց՝ որևէ մեկը թող չմանիպուլացնի՝ ասելով, թե ընդդիմությունը դեմ է սահմանազատմանը։ Ընդդիմությունը կողմ է սահմանազատմանը, երբ այն իրականացվի ամբողջական հիմքով, երբ ակնհայտ կլինի, թե ինչ է ստանում Հայաստանը։

Կարդացեք նաև

«Բայց այս իշխանության օրոք մենք միայն կորցնում ենք։ Նույն պատմությունը խաղաղության պայմանագրի հետ է։ Այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրում, որովհետև մեղք է այն խաղաղության պայմանագիր անվանել, սահմանազատման մասին բան չի լինելու, գերիների հետ կապված բան չի լինելու, տրանսպորտային հանգույցների, ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանցի զինյալների մասին բան չի լինելու։ Բա ՀՀ շահերի տեսանկյունից ընդունած այդ դատարկ փաստաթուղթն ընդունում եք, ի՞նչ անեք։

Վերջերս ՔՊ-ականները սկսել են հոխորտալ, թեպետ ամոթից գետինը պետք է մտնեին, անվտանգության հետ կապված ինչ-որ պրեզենտացիաներ ներկայացնել, ու ես ստիպված եմ հրապարակել մեկ տվյալ, որը երբեք չի հրապարակվել։

2013, 2014, 2015 թվականների ընթացքում ՀՀ սահմաններն ընդլայնվել են շուրջ 500 քկմ-ով։ Դա իրականացվել է՝ ի պատասխան հակառակորդի դիվերսիոն, հետախուզական և այլ տիպի ագրեսիաների։ Բայց մենք դրա մասին չենք խոսել, մենք դա լուռ ենք արել, որովհետև դա հակառակորդի համար կարող էր առիթ դառնալ այս կամ այն գործողությունն իրականացնելու համար»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։

Նա ՔՊ-ին ասաց, որ չեն փորձել այս ձեռքբերումները 2020 թվականի տավուշյան դեպքերի նման ներկայացնել՝ որպես հայրենական պատերազմ։

«Մենք լուռ աշխատում էինք, իսկ դուք՝ լուռ բացառապես հող եք հանձնում։

Իմիջիայլոց, ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանողներ, ի՞նչ կա 240 քկմ ինքնիշխան տարածքից, եթե դուք ՀՀ տարածքը պաշտպանում եք այնպես, ինչպես պաշտպանեցիք Արցախը, ապա այդ պաշտպանությունը մեզանից հեռու պահեք»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս