Փաշինյանն Ալիևին գործարք է առաջարկել, նա հրաժարվել ու ավելի բարձր գին է պահանջել. Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ որևէ իրավական հիմնավորում չկա, թե ինչու են ընդդիմադիր պատգամավորներին արգելում ծանոթանալ խաղաղության պայմանագրի տեքստին, որը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն։
«ԱԱԾ փոխտնօրենի պատասխանը դուք լսեցիք, դարձյալ որևէ հիմնավորում ու պատճառաբանություն չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը թույլ չի տալիս ծանոթանալ խաղաղության պայմանագրի տեքստին։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջակին, որ Ադրբեջանի հետ ստորագրեն խաղաղության համաձայնեցված տեքստը և հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանն ասել է, որ անընդունելի է, Արթուր Խաչատրյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իր առաջարկությունով պարզ գործարք էր առաջարկել, քանի որ «իրեն պետք է մի թղթի կտոր, որի վրա գրված կլինի՝ խաղաղություն»։
«Անկախ նրանից՝ ինչ գրված կլինի այդ թղթի վրա, Չեմբեռլենի նման կթափահարի ու կասի՝ ես խաղաղություն եմ բերել։ Դե, գործարք է առաջարկել, Ադրբեջանն էլ այդ գործարքից հրաժարվել է, ու Ալիևը բարձր գին է պահանջել։ Նիկոլ Փաշինյանի հաշվարկը պարզ էր՝ մինչև COP-29-ը մի բան անի, Ադրբեջանն էլ պետք է համաձայնվի, բայց չի համաձայնվել։
Սա այն է, ինչը մի երկու տարի առաջ ես էի ասում՝ Ադրբեջանն այնքան փաստաթուղթ չի ստորագրի, քանի դեռ ինչ ասում է ՀՀ իշխանությանը, սրանք գլխիկոր համաձայնվում են»,- շեշտեց պատգամավորը։
Նա նաև ընդգծեց՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթաց տեղի չի ունեցել։ Փոխարենը՝ Ադրբեջանի կողմից եղել է միակողմանի հրահանգավորում և ՀՀ իշխանության կողմից եղել է միակողմանի զիջումներ։ Որոշ զիջումներ փաստաթղթավորված է եղել, որոշ զիջումների վերաբերյալ էլ, երբ հարցնում են, թե տակը թուղթ, բարաթ կա՞, չեն ներկայացնում։
«Մասնավորապես հարցնում ենք, թե ինչի՞ հիման վրա է Հայաստանը Արցախից դուրս բերել իր ստորաբաժանումները, սա գաղտնիք չէ, իշխանությունը հպարտորեն ասում էր՝ դուրս ենք բերել, բայց ինչի՞ հիման վրա։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով նման որևէ դրույթ չի եղել։ Դրա համար, կրկնում եմ՝ չի եղել բանակցային գործընթաց, այլ եղել է միակողմանի հրահանգավորում կամ հրամաններ»,- ընդգծեց նա։
Արթուր Խաչատրյանը դժվարացավ ասել, թե կոնկրետ որ կետերի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունը չեն կարող հասնել համաձայնության, եթե ՀՀ իշխանությունը թույլ տա՝ ծանոթանան փաստաթղթին, այդ հարցին կկարողանան պատասխանել։
«Այն փաստաթուղթը, որը նախկինում մենք տեսել ենք, խաղաղության պայմանագիր չէ, այն միակողմանի պահանջների ամրագրում է։ Հիշո՞ւմ եք, այս դահլիճում ինչ էին ասում. ասում էին՝ եթե Ադրբեջանն էսկալացիայի է տանում, հո մենք էլ չե՞նք տանելու։ Խաղաղությունը կարող է լինել հարատև միայն այն դեպքում, երբ հակամարտության կողմերի շահերը բավարարվում են»,- եզրափակեց Արթուր Խաչատրյանը։