Օրիգինա՞լ, թե՞ ֆեյք Cartier Pasha. ի՞նչ ժամացույց է կրում Տիգրան Ավինյանը
Շուրջ մեկ շաբաթ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երևանյան բացօթյա համերգի ունկնդիր էր: Համենայն դեպս դրա մասին են վկայում երևանյան կյանքը լուսաբանող ֆեյսբուքյան էջերից մեկում տեղադրված լուսանկարները:
Լուսանկարներից մեկում նկատելի է, որ այդ միջոցառմանը մասնակցող Տիգրան Ավինյանի ձեռքին կապված ժամացույցը հիշեցնում էր հանրահայտ Cartier Pasha բրենդի ժամացույցը:
Օգտագործված իրերի վաճառի կայքում այդ ժամացույցի արժեքը նշված էր 7191 ԱՄՆ դոլար: Նույն ժամացույցի լրիվ նոր տարբերակը մոտ $ 8000 է:
Իսկ առհասարակ այդ բրենդի տարբեր վարիացիաներով ժամացույցները 7000-8000 դոլարի սահմաններում են:
Մենք, իհարկե, չենք պնդում, որ Տիգրան Ավինյանը մոտ 8000 դոլարանոց ժամացույց է կապում, որովհետև հնարավոր է, որ Cartier-ի ֆեյքն է կապում, ասենք, 20 000 դրամանոց, կամ օրիգինալն է, բայց գնված, ենթադրենք, second hand-ից:
Հիշեցնենք, որ Երևանի թավշյա քաղաքապետը 168.am-ի դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել: Վերջինս դատարանից խնդրում է լրատվամիջոցին ու լրագրող Դավիթ Սարգսյանին պարտավորեցնել ներողություն խնդրել, պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել և դրամական փոխհատուցում վճարելու պահանջը բավարարել:
Հայցադիմումի առիթը 2023թ. փետրվարի 25-ին 168.am–ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակված՝ 168.am–ի լրագրող Դավիթ Սարգսյանի հեղինակային «Երկու երես» հաղորդաշարի հերթական թողարկումն էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մասին:
Տեսանյութը վերնագրված էր՝ «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը»: Նրանում օգտագործվել են Տիգրան Ավինյանի հարցազրույցներից հատվածներ, բացառապես բաց աղբյուրներից վերցված այլ տեղեկություններ փոխքաղաքապետի ու նրա ընտանիքի, ընկերների բիզնեսների, ունեցվածքի մասին: