Հայաստանի հերթական լավությունը՝ Ռուսաստանի և Բելառուսի կողմից հիմնված կառույցին
Ռուսաստանին Հայաստանի դեմ աշխատելու, Արցախի 44-օրյա պատերազմը Բելառուսի հետ պլանավորելու մեջ մեղադրող Հայաստանի Կառավարությունը դեմ չէ, որ նույն Ռուսաստանի և Բելառուսի կողմից հիմնադրված Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը ստանա միջազգային կազմակերպության կարգավիճակ։
Նշենք, որ Ռուսաստանից և Բելառուսից բացի, այս հիմնադրամի անդամ պետություններն են նաև Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը. հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին։
Հիմնադրամի հիմնական նպատակն է՝ նպաստել անդամ պետությունների տնտեսական և ֆինանսական կայունության ամրապնդմանը։ Հիմնադրամի միջոցների կառավարումն իրականացնում է Հիմնադրամի խորհուրդը՝ Եվրասիական զարգացման բանկի հետ համատեղ։
Հիմնադրամի միջոցները տրամադրվում են ԱՄՆ դոլարով կամ եվրոյով և մինչև այժմ այս Հիմնադրամի մասնակից պետությունների ազգային արժույթների օգտագործումը նախատեսված չի եղել։
Այժմ Հայաստանի Կառավարությունը համաձայնություն է տվել մի փոփոխության, որով նախատեսված է այս Հիմնադրամին տալ միջազգային կազմակերպության կարգավիճակ, ինչից հետո հնարավոր կլինի անդամ պետություններում ծրագրեր ֆինանսավորել ազգային արժույթներով։
Ուշագրավ է, որ Հայաստանի Կառավարությունն այս առաջարկին դեմ չի արտահայտվել անգամ այն պարագայում, երբ այդ որոշումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա ունենալու է բացասական ազդեցություն: