
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՊՏՀ-ի տարածած հայտարարությունից:
«Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացավ ՀՊՏՀ խորհրդի նիստը։ Համալսարանի խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրեց ռեկտորի ժ/պ, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Գրիգորյանին»,- ասված էր հայտարարության մեջ:
Ռեկտորի թեկնածուներից Էդգար Ղազարյանը ավելի վաղ հայտարարել էր՝ ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունն ընթանում է օրենսդրության խախտումներով։
«ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունն ընթանում է ՀՀ օրենսդրության և ՀՊՏՀ ռեկտորի ընտրության ընթացակարգի կոպիտ խախտումներով։ Խորհրդի նախագահի պաշտոնն ապօրինաբար զբաղեցնող Հանրապետության նախագահն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին և չի կարողանում ապահովել նիստի և քվեարկության օրինական ընթացքը»,- գրել էր Էդգար Ղազարյանը։