Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակներից տուժածների համար գործարկվել է «Հրատապ արձագանքման» հարթակը

Հայաստանի կառավարությունը՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ բարելավել է Հրատապ արձագանքման հարթակը՝ առավել արդյունավետ կերպով համակարգելու կարիքավոր ընտանիքներին հասցեագրվող պետական օժանդակությունը՝ աղետների և հրատապ արձագանքման իրավիճակներում։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հարթակի գործարկման միջոցառմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, «Դիմոքրասի ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիզբեթ Զոնեվելդը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների անդամներ։

Այս նախաձեռնությունը խթանելու է հրատապ արձագանքման իրավիճակների ժամանակ սոցիալական պաշտպանության ծառայությունների պլանավորումն ու համակարգումը: Արդիականացված գործիքը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջնորդվող սոցիալական պաշտպանության ոլորտի ընթացիկ բարեփոխումների կարևոր մաս է կազմում:

Նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել ելույթով և նշել․ «Մեր նախկին փորձը ցույց է տվել, որ նմանօրինակ հարթակներն արդյունավետ գործիք են առկա մարտահրավերներին արագ և նպատակային արձագանքելու գործում։ Հրատապ արձագանքման հարթակը թույլ կտա ցանկացած իրավիճակում լինել պատրաստ ու հնարավորություն կտա մասնավոր նախաձեռնություններին ևս գույքագրել առկա ռեսուրսները՝ լինելով վստահ, որ ցանկացած իրավիճակում իրենց տնօրինած ռեսուրսները կբաշխվեն հասցեական ու կծառայեն թիրախային նպատակին»։

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ևս իր խոսքում շեշտել է․ «Կարծում եմ, որ արդիականացված հարթակը կբարելավի սոցիալական ծառայությունների տրամադրումը տուժած բնակչությանն արտակարգ իրավիճակների ժամանակ, տվյալների հասանելիությունը տեղեկացված որոշումներ կայացնելու նպատակով և կբարձրացնի ճգնաժամերին արդյունավետորեն արձագանքելու ընդհանուր պատրաստակամությունը»։

Հրատապ արձագանքման հարթակը մշակվել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։ Այն սպասարկելու է այն անձանց կամ ընտանիքներին, որոնք վերջին 72 ժամում տուժել են այնպիսի իրավիճակներից, ինչպիսիք են հեղեղում, ջրհեղեղ, կարկտահարություն, ցրտահարություն, փոթորիկ, ուժեղ քամի, երկրաշարժ, սողանք, փլուզում, հրդեհ, համաճարակ, համավարակ և մեկուսացում, ինչպես նաև այն կազմակերպություններին և անհատներին, որոնք ցանկանում են տրամադրել ռեսուրսներ ՀՀ կառավարությանը՝ հրատապ արձագանքման իրավիճակներից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով։

Հրատապ արձագանքման հարթակում գործելու է նաև սոցիալական աջակցության քարտեզ, որն ապահովելու է հասանելիություն տուժած մարզում գործող աջակցության ծառայություններին։

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս