ԱՄՆ ԱՆ-ն ռուս քաղաքագետ Դմիտրի Սայմսին ու նրա կնոջը մեղադրում է ամերիկյան պատժամիջոցները ոտնահարելու մեջ

Ռուսաստանյան հանրությանը քաջածանոթ քաղաքագետ, ժամանակին ԱՄՆ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի ոչ պաշտոնական խորհրդական 76-ամյա Դմիտրի Սայմսը շարունակում է մնալ ամերիկյան իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Հիշեցնենք՝ անցած ամիս ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներն անսպասելի այց կատարեցին Սայմսին պատկանող և Վաշիգտոնից ոչ հեռու գտնվող առանձնատուն՝ քննչական գործողություններ իրականացնելու նպատակով:

Եվ ահա, այս հինգշաբթի՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը տարածած հաղորդագրության համաձայն՝ Դմիտրի և Անաստասիա Սայմս ամուսինները մեղադրվում են երկու տարբեր սխեմաններով ամերիկյան պատժամիջոցները ոտնահարելու համար:

Դմիտրի Սայմսը ծնվել է Խորհրդային Միության մայրաքաղաք Մոսկվայում, այնուհետև՝ տեղափոխվել Միացյալ Նահանգներ ու որոշ ժամանակ զբաղեցրել նախագահ Ռիչարդ Նիքսոնի, պետքարտուղար Հենրի Քիսինջերի ոչպաշտոնական խորհրդականի պաշտոնը։ Այժմապրում և աշխատում է Ռուսաստանում՝ հանդիսանալով ռուսաստանյան Առաջին ալիքի «Մեծ խաղ» թոք-շոուի հաղորդավարը:

2023 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում նա էր վարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումը։ Անցած տարվա վերջին Սայմսին շնորհվեց Ռուսաստանի կառավարության մրցանակը՝ «հատուկ ռազմական գործողության գոտում իրադարձությունների լուսաբանման և վերլուծության համար»։

Հայտնի է, որ Կրեմլի քարոզչամեքենան այդպես է կոչում պատերազմն Ուկրաինայում:

Ըստ The New York Times-ի՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը լայնածավալ հետաքննություն է սկսել Սայմսի նկատմամբ՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա ազդելու Կրեմլի փորձերիքննության շրջանակում։

Պարբերականի ներկայացմամբ՝ ամերիկյան իրավապահ մարմինները, հենվելով ԱՄՆ հետախուզական ծառայությունների եզրակացությունների վրա, եկել են այն հետևության, որ ռուսական պետական լրատվամիջոցները, ներառյալ՝ անգլիալեզու RT հեռուստաալիքը, գործակցում են ռուսաստանյան հատուկ ծառայությունների հետ՝ ներազդելու ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Սայմս զույգը մասնակից է փորձերին, որոնց նպատակն է եղել օգնել ռուսաստանյան «Առաջին ալիքին» ապօրինաբար շրջանցել ամերիկյան պատժամիջոցները:

Կրեմլի խոսափողներից մեկը համարվող «Առաջինալիքը» հայտնվել էր ամերիկյան պատժամիջոցների ներքո 2022 թվականի մայիսի 8-ին, քանի որ պատկանում և վերահսկվում է Ռուսաստանի կառավարության կողմից:

Ինչպես նշված է փաստաթղթում, 2022 թվականի հունիսից մինչ օրս Դմիտրի Սայմսը, Անաստասիա Սայմսը և այլ անձինք մասնակցել են պատժամիջոցների ակտը խախտող սխեմային՝ ծառայություններ մատուցելով ռուսաստանյան «Առաջին ալիքին», այդ թվում՝ աշխատելով այնտեղ որպես հաղորդավար և պրոդյուսեր, այդ ամենի համար ստանալով ավելի քան 1 միլիոն դոլար վարձատրություն, անձնական սպասարկման մեքենա ու վարորդ, Մոսկվայում բնակարան վարձակալելու համար առանձին գումար և 10 հոգուց կազմված աշխատակազմ:

Մեղադրական եզրակացությունն ընդգծում է, որ Սայմս զույգը նաև մասնակցել է փողերի լվացման սխեմային՝ քաջատեղյակ լինելով, որ գործարքները նպատակ են ունեցել թաքցնել պատժամիջոցների ակտի խախտմամբ ստացված եկամուտները:

Սայմս ամուսինները ներկայում ազատության մեջ են, հավանաբար՝ Ռուսաստանում։

Ըստ երկրորդ մեղադրական եզրակացության՝ Անաստասիա Սայմսը մասնակցել է ԱՄՆ պատժամիջոցները խախտող մեկ այլ նախաձեռնության՝ այս անգամ ի շահ պատժամիջոցների ներքո գտնվող ռուսաստանցի օլիգարխ Ալեքսանդր Ուդոդովի:

2023 թվականի փետրվարից Անաստասիա Սայմսը և մյուսները, խախտելով ամերիկյան օրենքը, արվեստի գործեր և հնաոճ իրեր են գնել Ուդոդովի համար ԱՄՆ և Եվրոպայի պատկերասրահներից ու աճուրդի տներից, դրանք տեղափոխել են Վիրջինիա նահանգի Հանթլի շրջանում գտնվող Սայմսերի առանձնատուն, որտեղ պահել են՝ հետագայում դրանք Ռուսաստան տեղափոխելու համար: Այս ծառայության դիմաց Անաստասիա Սայմսը վճարվելէ։

Մեղադրական եզրակացությունը նշում է, որ Անաստասիա Սայմսը նաև մասնակցել է փողերի լվացման սխեմային՝ իմանալով, որ գործարքները նպատակ են ունեցել թաքցնել եկամուտները՝ խախտելով պատժամիջոցների ակտը:

Մեղավոր ճանաչվելու դեպքում Անաստասիա Սայմսին սպառնում է առավելագույնը 20 տարվա ազատազրկում: Երկու գործերն էլ վարում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի Վաշինգտոնի գրասենյակը։

Տեսանյութեր

Լրահոս