
Վահագն Խաչատուրյանը և Քուվեյթի դեսպանը շեշտել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախագահը, ողջունելով դեապանին, բարձր է գնահատել վերջինիս կատարած աշխատանքը և հայ-քուվեյթյան հարաբերությունների և երկու երկրների ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանն ուղղված նրա գործադրած ջանքերը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախագահին փոխանցել Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահիի ողջույնները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես տնտեսության և տուրիստական ոլորտներում: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների ներդրումների աջակցության գերատեսչությունների միջև կապերի խթանումը:
Զրույցի ընթացքում անդարադարձ է կատարվել ՀՀ քաղաքացիների համար դեպի Քուվեյթ մուտքային ռեժիմի դյուրինացման հնարավորություններին:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք շեշտվել է կայուն խաղաղության հաստատման կարևորությունը: